168.am-ը գրում է․

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը գնում է, բռնակալ Ալիևին է հանդիպում, հետո գալիս է մեզ ժողովրդավարության դասեր է տալիս: Եթե ժողովրդավարության կողմնակից ես, ո՞նց ես հանդուրժում իշխանությանը, որը ժողովրդավար երկրի տարածքները տալիս է բռնապետական Ադրբեջանին, ո՞նց ես հանդուրժում, երբ այս իշխանությունը ժողովրդավարության կղզյակ Արցախը տալիս է Ադրբեջանին: Ժողովրդավարության դասեր դուք պետք է Արցախից սովորեք, ոչ թե մենք»,- «Արմենի Մարիոթ» հյուրանոցի մոտ հայտարարեց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ընդդիմությունը և նրանց համակիրները ՀՀ նախագահական նստավայրից քայլերթով շարժվել են «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տեղեկացմամբ, Հայաստանում ազատ խոսքի, մամուլի, քաղաքացիական կազմակերպութունների, միությունների համաժողով է:

Քիչ առաջ հյուրանոցի ետնամուտքով, շրջապատված ոստիկաններով և կարմիրբերետավորներով, եկավ նաև Նիկոլ Փաշինյանը:

Հովհաննես Իշխանյանի համոզմամբ՝ իշխանություններն այսօր ոտնահարում են մարդու իրավունքները և մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ՝ այս 4 տարիների ընթացքում խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գրեթե բոլոր հոդվածները:

«Հոդված 2՝ կյանքի իրավունքը. հացադուլից մահացավ Մհեր Եղիազարյանը՝ չընդունելով իր մեղքը. ձեն չհանեցիք,

5000 հոգի զոհվեց այս պատերազմում. դուք էլի պաշտպանում եք այս իշխանությանը,

Արցախում, Սյունիքում մեր հայրենակիցների կյանքի իրավունքներն են վտանգված, ու դուք եկել, էլի ժողովրդավարությունից եք խոսում:

Հոդված 3՝ խոշտանգումների արգելում. մեր գերիներին խոշտանգելով սպանում են, ու դուք եկել եք, այս իշխանություններին եք պաշտպանում:

Հոդված 5՝ Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք. կրկի՛ն խախտված է:

Արդար դատաքննության իրավունք. կրկի՛ն խախտված է: Դատարանները, ԱԺ-ն շրջափակել են տալիս: Էդ ձեր Կոնգրեսը որ շրջափակեցին, միանգամից ժողովրդավարության խախտում արձանագրեցիք. էդ մեր ԱԺ-ն պակա՞ս ժողովրդավար է:

Երբ դատավորների նկատմամբ շինծու գործեր էին հարուցվում, աջակցում էիք նրանց:

Դուք ժողովրդավարության պաշտպաններ չեք. դուք թուրք-ադրբեջանական ցեղասպանների պաշտպաններ եք»,- շեշտեց հանրային գործիչը:

Հովհաննես Իշխանյանը շեշտեց՝ անհարգալից վերաբերմունքի համար ԱՄՆ դեսպանը պետք է հետ կանչվի. «Այնպես որ՝ առանց Թրեյսի Հայաստան»:

Հիշեցնենք՝ ընդդիմությունն առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասել էր նախագահական նստավայրի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը և հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել