Esyes.am-ը գրում է.

Դերասան Աբել Աբելյանը կտրուկ «այո» կամ «ոչ» հաճախ չի ասում, քանի որ միշտ ընտրում է երևույթի պարզաբանման ճանապարհը: Նա նշեց, որ քիչ երևույթներ կան, որոնց միանշանակ «այո» կամ «ոչ» կարող է ասել: Հենց  դրանցից էլ առանձնացրեց մեր խորագրի «այո»-ներն ու «ոչ»-երը:

 Ասում է` «Այո´»

Սերը, հարգանքն ու ամեն օր կրկին սիրահարվելը շատ կարևոր են ընտանիքում, քանի որ դրանք խթանում են տանն առողջ մթնոլորտի ձևավորմանը: Դրանք փոխկապակցված են քո մյուս քայլերի հետ և անդրադառնում է շրջապատիդ, կարիերայիդ վրա, քանի որ ընտանիքում է ձևավորվում մարդու հոգեբանությունը: Ասում եմ` «այո´», ընտանիքում սեր ու հարգանք պահպանելուն:

Ընկերությունը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքում, դրա համար հանուն ընկերության պետք է նաև նեղություն կրել: Ընկերության մեջ շատ կարևոր է ընկերոջդ օգնելու հարցում պատրաստակամ  լինելը` հասկանալով, որ դա կարող է քեզ նեղություն պատճառել: Իրական օգնությունն այն չէ, որ կարող էիր ու արեցիր, այլ այն, երբ չէիր կարող, բայց արեցիր:

Կարիերայում հաջողության հասնելու գրավական է երազելը, իհարկե, երազանքը պետք է անպայման նպատակ դառնա: Դրան արդեն հաջորդում է կամքը, քրտնաջան աշխատանքը, սեփական ուժերին հավատալը և, իհարկե, մի քիչ հաջողություն ունենալը: Ասում եմ` «այո´»երազելուն, քանի որ ամեն ինչի հիմքը երազանքն է:

Մեր ժամանակներում, երբ շատ բաների կարելի է հասնել ծանոթի միջոցով ու երբեմն ավելի հեշտ է լինում ծանոթ գտնելը, քան սովորելը, քրտնաջան աշխատելը: Ասում եմ` «այո´» սեփական ուղին ընտրելուն, քանի որ աշխատելու, սովորելու, սեփական պաշարն ունենալու դեպքում հաջողության միանշանակ կհասնես: Ինչ-որ պահի հաստատ դա նկատելի կդառնա. պետք է ուղղակի համբերատար լինել:

 Ասում է` «Ո´չ»

Ընտանիքում միանշանակ չպետք է սուտ լինի, իսկ դավաճանությունը նույնիսկ քննարկման ենթակա չէ: Միանշանակ ասում եմ` «ո´չ» այդ ամենին, քանի որ դրանց առկայության դեպքում ընտանիքում ձևավորվելու է ատելության մթնոլորտ ու այն հաստատ քանդվելու է:

Պետք է պահպանել ընտանիքը, ինչի համար անհրաժեշտ է վստահել միմյանց ու ամենակարևորը` չստել:

Ընկերության մեջ կարող է քայքայիչ լինել նախանձը: Միանշանակ ասում եմ` «ո´չ» նախանձին, որն առաջին հերթին քեզ է ներսից քայքայում ու վնասում: Արդյունքում` դա տարածվում է շրջապատիդ վրա, ու սկսում ես վատ վերաբերվել դիմացինիդ: Նախանձը շատ վատ երևույթ է, որը տեղ չունի ընկերության մեջ:

Եթե մարդը նպատակ ունի, կարող է դրան հասնել նույնիսկ այն դեպքում, եթե շրջապատին աներևակայելի թվա: Պետք չէ առաջնորդվել շրջապատի կարծիքով, որը կարող է թերահավատ լինել: Եթե դու մի բան ուզում ես, ապա պետք է համոզված գնաս քո ընտրած ճանապարհով, քանի որ ոչ ոք քո հնարավորություններն ավելի լավ չգիտի, քան դու: Ասում եմ` «ո´չ» շրջապատի կարծիքի ազդեցությամբ երազանքից հրաժարվելուն:

Ես դեմ եմ ցանկացած ձեռնարկի, որն արվում է ի միջի այլոց` զուտ անելու համար: Յուրաքանչյուր քայլ պետք է լինի գիտակցված և մարդուն տանի դեպի նպատակը: Սա շատ կարևոր է հատկապես ուսման բնագավառի ընտրության հարցում, որը չպետք է ուղղակի լինի: Այդ դեպքում չի կարողանալու ինքնադրսևորվել իր ասպարեզում և անիմաստ ժամանակ է վատնելու:

Աբելի հետ «այո»-ն «ոչ»-ից տարանջատեց Ամալյա Հովհաննիսյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել