Azatutyun.am-ը գրում է․
17 օր առաջ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերից սահմանն անցած ու գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը ծնողներին նամակ է ուղարկել:
«Ի՞նչ պիտի ասի, նորմալ ա, հացը կա, ջուրը կա, սպասե՛ք՝ կվերադառնամ, էդքան բան», - «Ազատությանը» փոխանցեց զինծառայողի հայրը՝ Արթուր Մարտիրոսովը։
19-ամյա զինծառայողին Բաքվում այցելել ու ընտանիքի հետ նամակով կապ հաստատելու հնարավորություն են տվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները։ Տեսակցություններ էլի կլինեն, ինչպես մյուս գերեվարված անձանց դեպքում է, ասում է կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Կարևոր է և առանցքում են այդ անձի հանդեպ վերաբերմունքը, անազատության մեջ պահման պայմանները, առողջական վիճակը, սակայն բովանդակային մասով, մանրամասներով չենք կարող կիսվել հանրության հետ», - ասաց Ամատունին։
Ժամկետային էդուարդ Մարտիրոսովը 3.5 ամսվա ծառայող էր, առայժմ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել Ադրբեջանում։ Ներքին Հանդի մարտական հենակետը, որտեղից շարքայինն անհետացել է, ադրբեջանական դիրքերի հարևանությամբ է։
Ստրասբուրգի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է տեղեկություններ տալ զինծառայողի վերաբերյալ, ասում է Միջազգային իրավական հարցերով հայաստանի ներկայացուցչի մամլո քարտուղար Հասմիկ Սամվելյանը։
«Դատարանը մայիսի 9-ին որոշում է կայացրել՝ ծանուցում ուղարկել Ադրբեջանին, ինֆորմացիա պահանջել՝ որտեղ է պահվում, ինչ պայմաններում, բժշկական փաստաթղթեր տրամադրել, եթե այդպիսիք կան և ինչ պլաններ կան վերադարձի ուղղությամբ», - փոխանցեց Սամվելյանը։
Ադրբեջանը դատարանի հարցերին պետք է պատասխանի մինչև մայիսի 17-ը։
Այսօր Բաքվի բանտերում պաշտոնապես հաստատված 38 հայ ռազմագերի է պահվում։ Մարտիրոսովի գերեվարման փաստը Ադրբեջանը դեռևս չի հաստատել։ Ընտանիքում օրեր են հաշվում։
«Գիտեմ, որ լավ է լինելու, բայց ե՞րբ, այ դա չգիտեմ», - ասաց Արթուր Մարտիրոսովը։