Ledynews.am-ը գրում է.
Ինչպես վարվել արեւայրուքից մնացած այրվածքների, պիգմենտային հետքերի հետ. սա կարելի է համարել օգոստոսին լեդիներին (եւ ոչ միայն նրանց) ամենից շատ հուզող հարցերից: LN-ը եւս իր ընթերցողներից արդեն հասցրել է լսել անհանգստություններ արեւահարված մաշկի վերաբերյալ: Ասենք, որ վտանգներ իսկապես կան, բայց ճիշտ խնամքի եւ մասնագետի խորհրդատվության պարագայում կարող եք հանգիստ լինել…
Այրեւայրուքի հետեւանքների մասին LN-ի հարցերին պատասխանել է մաշկաբան, կոսմետոլոգ, Սիթի SPA էսթետիկ կլինիկայի փոխտնօրեն Գայանե Վարդանյանը: Նրա խոսքով՝ առաջին հերթին, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, եւ եթե անհաջող արեւայրուքից պիգմենտային հետքեր եք նկատում մաշկին, անպայման դիմեք մասնագետին: Պարզելու համար՝ այդ հետքերը կանցնեն իրենք իրենց, թե հարկավոր է միջամտություն, պետք է սպասել մոտ մեկ ամիս: Այս ընթացքում մաշկն ամենօրյա խնամքի կարիք ունի, իսկ առաջին հերթին՝ խոնավացման, որպեսզի ուժ ստանա՝ պայքարելու եւ մեռած բջիջներից ազատվելու:
Այրված, ջրազրկված մաշկը սկսում է շերտազատվել, եւ այս ընթացքում շատ կարեւոր է արեւապաշտպան քսուքների օգտագործումը, քանի որ մեռած շերտը հեռանալուց հետո նրա տակ մնում է անպաշտպան մաշկը, որը դարձյալ ենթակա է արեւի ճառագայթների բացասական ներգործությանը: Ի դեպ, մաշկի մեռած շերտը մեխանիկական միջամտությամբ (ձեռքով, սկրաբով… ) հեռացնել կարելի է, եթե ճիշտ կազմակերպեք խնամքը՝ արեւապաշտպան եւ խոնավացնող քսուքներով: Խոնավացման համար քսուքներ կարող եք ձեռք բերել դեղատնից, բայց օգտակար են նաեւ տնական միջոցները՝ մածուն, մաղադանոսի, կիտրոնի հյութ, ելակ, հաղարջ… Միայն թե նախապես համոզվեք, որ նշված մթերքներից ալերգիա չունեք: