Երեկ կայացել է «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի փակ ցուցադրությունը: Դրամա, դետեկտիվ, մանկական և արկածային․ ժանրային համաձուլում ռեժիսոր Արտյոմ Հարությունյանի նոր ֆիլմում։
Ֆիլմի պրեմիերային ներկա էր նաև BlogNews.am-ը․ մենք զրուցել ենք ֆիլմում նկարահանված դերասանների և ռեժիսորի հետ, ինչպես նաև ֆիքսել երեկոյի հետաքրքիր կադրերը։
«Պոլլի»-ն մանկապատանեկան ֆիլմ է, որը պատմում է 12-ամյա տղայի ու շան ամուր ընկերության մասին: Ֆիլմը, ըստ ռեժիսորի, մի քանի ուղերձ ունի․ առաջին հերթին այն է, որ տղան և շունը՝ Պոլլին, միավորվում են աշխարհում ամենակարևոր բանի՝ ընտանիքի պահպանման և վերամիավորման համար։ Երկրորդ ուղերձը Կարմիր գրքում հայտնված կենդանիների որսագողության թեման է:
Ֆիլմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արամ Կարախանյանը, Էդիկ Առաքելյանը և այլք:
Լուիզա Ներսիսյանը ֆիլում մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Նարեկի մայրիկին: Դերասանուհին ընդգծեց, որ սիրով է համաձայնվել նկարահանվել նախագծում՝ հաշվի առնելով նաեւ դրա դաստիարակչական հաղորդագրությունը:
Լուիզան կարծում է, որ նախագիծին հստակ տարիքային սահմանափակում տալը փոքր ինչ սխալ կլինի, քանի որ այն կարող է օգտակար լինել տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց:
Նարեկի հայրիկին ֆիլմում մարմնավորում է Սոս Ջանիբեկյանը, որը մի քանի նախագծի շրջանակում արդեն հասցրել էր համագործակցել Արտյոմի հետ:
Իր հերթին դերասանը նշեց, որ այսպիսի նախագծեր մեր երեխաներին շատ են անհրաժեշտ, որոնք կքարոզեն բարություն, կսովորեցնեն ընկերության և նվիրվածության մասին։
Ռաֆայել Երանոսյանը, ով ֆիլմում ներկայանում է բացասական կերպարով, շատ բացահայտումներ չցանկացավ անել, միայն իրեն բնորոշ հումորվ կատակեց․ «Ես մի քանի բան կարող եմ պատմել ֆիլմի իմ մասնակցությամբ նկարահանումներից։ Ես իմ մեքենայով առավոտ շուտ գնացել, հասել եմ Ապարան։ Այս ֆիլմում օգտագործել ենք իմ վերկարկուն, որի վրա աղվեսի մորթիներ կան ու առհասարակ ես կենդանիներից վախենում եմ, իսկ իրենք ինձ տարել, մտցրել էին մի տեղ, որտեղ շատ կենդանիներ կային»։
«Պոլլի» ֆիլմի մյուս առանցքային դերերում հանդես են գալիս Բաբկեն Չոբանյանը, Էդիկ Առաքելյանը, Արամ Կարախանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Վահագն Գալստյանը, Տիգրան Գյուլումյանը, Միլենա Ավանեսյանը եւ Վիկտորյա Մուրադյանը:
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան