Երեւանում հայտնի դիզայներ Արեւիկ Պետրոսյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտրության առիթով սեղաններ էր գցել իր ցուցասրահում եւ երկար ժամանակ նիկոլականների ջերմ համակիրներից էր, թեեւ նախկինում էլ օգտվում էր Ռիտա Սարգսյանի հովանավորությունից, այսօր փակում է Հյուսիսային պողոտայում գտնվող իր ցուցասրահը: Օրերս նա այս մասին գրառում էր կատարել սոցցանցում՝ նշելով. ««Արեւ Արթ» ցուցասրահը փակվում է իմ կամքին եւ ցանկությանը հակառակ: Ինձ տրվեց ժամանակ՝ ազատել տարածքը մինչեւ մայիսի 1-ը: Դե, ի՞նչ ասեմ, եւ նորից քաղաքի համար կբացվի նոր «զխկտվելու» վայր: Իսկ իմ մասով, կարծում եմ, կատարել եմ անմարդկային ծավալուն աշխատանք» եւ այլն, եւ այլն: 

Քանի որ արվեստագիտական շրջանակից լսել էինք, որ Արեւի ցուցասրահի «փակվելու» բուն պատճառը «գրին քարտ» շահելն ու ԱՄՆ մեկնելն է, փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել: Քաղաքապետարանից մեր հարցերին պատասխանելով՝ տեղեկացրին, որ Արեւիկ Պետրոսյանի ցուցասրահի զբաղեցրած տարածքը՝ Տերյան 19 շենքում, պատկանում է մասնավոր անձի: «Իսկ մասնավոր անձն իրավունք ունի բացել իր տարածքում՝ ինչ ուզում է: Քաղաքապետարանը դրա հետ գործ չունի»,- ասաց քաղաքապետի խոսնակը: 

Ո՞վ է Ձեզ ժամանակ տվել մինչեւ մայիսի 1-ը, ու ի՞նչ «զխտկվելու» նոր վայր են բացում Տերյան 19-ում՝ հարցրինք նկարչուհուն:

«Տարածքի տերն է որոշել: Մեկ ամիս առաջ ես չգիտեի, որ պետք է դադարեցնեմ 7 տարվա գործունեությունը: Հավանաբար, ավելի շահավետ պայմաններ են առաջարկել տարածքի տիրոջը»,- ասաց նա եւ հաստատեց, որ մեկնում է ԱՄՆ:

«Ես դեռ 5 տարի առաջ միտք ունեի բացել Արեւ Արթ» ցուցասրահ ԱՄՆ-ում եւ ստացել էի օրինական իրավունք, բայց այս տարիներին՝ պատերազմ եւ այլն, դեռ չեմ անցել գործնականին:  Տղաս սահմանին է: Հիմա մեկնելու եմ մեկ ամսով, հանդիպումներ ունենամ եւ փոքր ցուցահանդեսներ կազմակերպեմ»,- ասաց Արեւիկ Պետրոսյանը՝ շեշտելով, որ ինքը նկարչուհի է եւ մեր զրույցի պահին էլ նկարում է: Արեւիկ Պետրոսյանի հայրը հայտնի նկարիչ Բենիկ Պետրոսյանն է, եղբայրը հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանն է, իսկ մայրը մշակույթի նախկին փոխնախարար Ալիս Ադամյանն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/41d6b239dc5c5701058801db8bb849cc

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել