Իշխանությունները, հավատարիմ իրենց ազգադավ դիրքրոշմանն, այդպես էլ չեն հստակեցնում Արցախի մասով ՀՀ պաշտոնական դիրքորոշումը ներկա իրավիճակում. տարբեր ենթադրությունների տեղիք տվող, տարբեր կերպ մեկնվող ու ավելի շուտ հանելուկներ, քան հիմնավոր ու հոդաբաշխ խոսք հիշեցնող նախադասությունները միայն խճճում են իրավիճակը:
Ապրիլի 22-ի Կռավարության նիստում Նիկոլը հայտարարել է, թե Ղարաբաղյան խնդրում Հայաստանի մարտավարությունն է հասնել այնպիսի լուծման, որ արցախցին ապրի Արցախում և իրեն համարի հայ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ առումով:
Առաջին հայացքից թվում է՝ հայրենասերի խոսք է, և որևիցե հակահայ բան դրանում չկա: Բայց դա՝միայն առաջին հայացքից:

Ենթադրենք՝ հայազգի մեկն ապրում է Մարսելում ու իրեն հայ է զգում: Մարսելն ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանի հետ: Այսինքն՝ արցախյան պայքարի բուն էությունը ղարաբաղցու ինքնագիտակցությունը մշտապես վառ պահե՞լն է: Վաղն Ադրբեջանը վեր է կենում ու հայտարարում, որ պատրաստ է ասենք լայն մշակութային ինքնավարություն շնորհել Արցախին՝ խոստանալով երաշխավորել այնտեղ ապրող իր հայ քաղաքացիների անվտանգությունը: Դա Հայաստանին ձեռնտո՞ւ տարբերակ է: Գուցե անդոնների համար իդեալական է, բայց՝ ոչ արցախցու. հայատյացութամբ ներծծված Ադրբեջանում անհնար է հայ մարդու գոյությունը, հայ մարդու անվտանգությունն ու ինքնության պահպանումը՝ անկախ այն բանից, թե այստեղ՝ Երևանում, ով ինչ բառախաղերով է զբաղվում կամ իբր ժամանակ շահում: Ժամանակ շահում են,որ ի՞նչ անեն: Ժամանակ շահելն իմաստ կունենար, եթե պարզ լիներ, թե որն է դրա իմաստը կամ վերջում ինչ ենք ունենալու: Այնինչ այժմ նույնիսկ ԳՇ պետ չունենք, երկիրն էլ քանդված է հիմնովին:

Ժամանակ ձգելը տվյալ պարագայում ինքնանպատակ չէ միայն Նիկոլի համար. մարդը, հիմարի տեղ դնելով բոլորին, իր աթոռն է պահում ու վայելում: Սա էր, փաստորեն, պատերազմը չկանխելու նպատակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել