Tert.am-ը գրում է.
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված Ավետիք Բուդաղյանի և հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին:
«Մեծարգո նախագահ.
Համոզված եմ` Ձեզ հայտնի է մեր ընտանիքը` Գորիս քաղաքում, Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղում քչերն են, որ տեղյակ չեն մեր ընտանիքի մասին: Չեմ ցանկանում թվարկել բոլոր այն գործերը, որոնց հաշվին մենք ճանաչվել ենք: 01.06.2013 թվականին զոհված իմ որդին` Ավետիքը ամենուրեք հարգանք էր վայելում, մյուս որդիս` Արտակը աչքի է ընկել դեռևս ղարաբաղյան պատերազմի ժամանակներից և ներկայումս հանդիսանում է ամենաօրինակելի և խոշոր զորամասերից մեկի հրամանատար: Իմ մասին Դուք` լինելով սյունեցի և պատերազմի մասնակից, հավանաբար, նույնպես գիտեք` պատերազմական տարիներին ես հանդիսացել Գորիսի պաշտպանական խորհրդի անդամ, որն անձամբ եմ ստեղծել:
Հանրահայտ է նաև Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը` ոչ միայն Գորիսում, Սյունիքում ու Ղարաբաղում, այլ` ողջ Հայաստանով մեկ: Սակայն, ի տարբերություն մեզ, այդ ընտանիքը հայտնի է հիմնականում թմրամոլությամբ զբաղվող, բազմաթիվ անառակաբարո արարքներ, վայրագություններ կատարած մի շարք անդամների շնորհիվ: Նաև` հենց Սուրիկ Խաչատրյանի (ով ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Լիցկյա» մականունով) բազմաթիվ «քաջագործությունների» շնորհիվ, որոնց զգալի մասը նա կատարել է` լինելով Սյունիքի մարզպետ, դրանով իսկ վարկաբեկելով ինչպես իր զբաղեցրած պաշտոնը, այնպես էլ` իր հայրենիքը: Այդ «քաջագործություններից» բավարար է հիշատակել թեկուզ միայն բազմության ներկայությամբ մի կնոջ վրա հարձակվելն ու ոտքով հարվածելը` «քացի տալը», որի համար նա, ինչպես և իր մյուս բոլոր չարագործությունների համար պատասխանատվություն չկրեց:
Տարիներ շարունակ մենք, բնակվելով Գորիս քաղաքում, ձգտել ենք նվազագույնի հասցնել այդ ընտանիքի ամդամների հետ մեր շփումները: Դժբախտաբար, հնարավոր չեղավ լիովին խուսափել նրանցից և 01.06.2013 թվականին Սուրիկ Խաչատրյանը, ոգելից խմիչքներ օգտագործած լինելով, նենգաբար համոզել է որդուս` Ավետիքին նստել իր ավտոմեքենան ու հենց ավտոմեքենայի մեջ Ս.Խաչատրյանն ու նրա թիկնապահը կոպտորեն վիրավորել, հարվածել են Ավետիքին, իսկ այնուհետև` իջեցրել ճանապարհին:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ