Tert.am Life-ը գրում է.

Երիտասարդ երգիչ և դերասան Ռաֆֆ Հարությունյանի մոտ այս փուլում մասնագիտական բուռն շրջան է, նա իր առաջին քայլերն է անում հեռուստատեսային ոլորտում և այժմ նկարահանվում է «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է դերասանական կարիերայի, երաժշտության ոլորտում հետագա ծրագրերի և անձնական կյանքի մասին:

«Այժմ սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 2-րդ կուրսում՝ Դերասանական արվեստ ֆակուլտետում ու փորձում եմ համատեղել նկարահանումներն ու դասերս, քանի որ սովորում եմ գերազանց և անվճար համակարգում,- ասաց նա՝ հավելելով, որ նախկինում ևս հեռուստասերիալներում նկարահանվելու ցանկություն ունեցել է:

«Մասնակցության համար ստացել եմ հրավեր, որից հետո մասնակցել եմ քաստինգի ու ստացել այս դերը: Ունենք բավականին լավ դերասանական կազմ, ինչի արդյունքում, չնայած առաջին փորձս է, բայց կարողացել եմ բավականին արագ ինտեգրվել խաղահրապարակում»,-ասաց Ռաֆֆ Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ նկարահանումների սկզբնական շրջանում բախվել է դժվարությունների:

«Սկզբում ռեժիսորն այդքան էլ գոհ չէր իմ աշխատանքից: Կատակելով ասում էր՝ Ռաֆ այսօր երկուս ես ստանում, իսկ հիմա, երբ ավելի վարժ եմ դարձել ու հնարավորինս լավ մարմնավորում եմ կերպարը, ասում է՝ հինգ ես ստանում»,- ասաց Ռաֆֆը և հավելեց, որ տարբերվում է իր մարմնավորած կերպարից,- Մարմնավորում եմ շատ բարի կերպարի՝ Միքոյին, իրական կյանքում ևս բարի եմ, բայց ոչ այդ աստիճանի, սերիալում իմ կերպարը մերժվում է աղջկա կողմից, բայց իրականում ես չեմ սիրում մերժվել, իսկ մերժվելուց հետո վստահաբար 2-րդ քայլ չեմ անում ի տարբերություն Միքոյի»:

Ռաֆֆ Հարությունյանը լսարանին հայտնի է որպես երգիչ: Իր և Դավիդ Գրեգի համատեղ տեսահոլովակն այս պահի դրությամբ ունի 14 մլն դիտում:

«Ես արտիստ եմ ու դա իրենից ենթադրում է շատ բաներ ես երգում եմ, զբաղվում դերասանությամբ, նկարում տեսահոլովակներ՝ արտիստ ասելով պետք է դա հասկանալ: Շատ փոքր տարիքից երգում եմ, հիմա նույնպես աշխատում եմ ձայնիս ու երգերիս վրա՝ քրտնաջան զբաղվում եմ իմ երկու մասնագիտությունների ուղղությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ նախկինում ևս սովորել է դերասանական ստուդիայում:

«Սովորել եմ նաև Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, մի օր կարող են ինձ նաև տեխնիկի կամ էլեկտրիկի մասնագիտությամբ էլ տեսնել, դա նորմալ է: Համատեղ սովորում էի նաև դրամատիկական ստուդիայում, բայց երբ գնացի բանակ ու վերադարձա, չէի ցանկանում վերականգնել գործերս ստուդիայում ու ընդունվեցի թատերական: Ուզում եմ նաև ուժերս փորձել ռեժիսուրայի ոլորտում ու ներկայացում բեմադրել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել