Բազմաթիվ անգամ լիաթոք ծիծաղել եմ «Կարգին հաղորդման»` հատկապես ոստիկանների թեմայով պատրաստած սքեչերի վրա: Տղաներն իրոք որ հաջողել են: Բայց այսօր տարակուսանք է առաջանում մի տեսակ, երբ մեկ էլ աչքովդ է ընկնում «Կարգին Հայկոյի» մի քանի տող գրառումը, որում ոստիկանության գործողությունները համեմատում է Սումգայիթյան ջարդերի հետ: Էնպես իմիջիայլոց, անպատասխանատվորեն, թեթևությամբ: Հայկո, սիրելիս, Դուք կարծեմ այն Հայկոն եք, որ միացավ 150 դրամի դեմ պայքարին ու բեկում մտցրեց ակտիվիստական շարժման մեջ, ճի՞շտ է: Դուք այն Հայկոն եք, որ սիրված է անչափ, ճի՞շտ է: Ի վերջո, Դուք հանրային մարդ եք, ու ասեմ Ձեզ, Ձեր հասարակական ակտիվության փուլում շատերը Ձեզ նկատի ունենալով ասում էին` արդեն մտավորականությունն էլ է միացել: Բա հիմա բացատրեք` հասկանանք, ի՞նչն է պատճառը, որ նման, կներեք անկեղծ խոսքի համար, անգրագետ արտահայտություն եք անում հրապարակավ ու ... ակամա դառնում սադրանքի մասնակից:
Հանեք Ձեր գորշ ակնոցը, սթափ նայեք իրավիճակին, ոստիկանությանը քննադատեք ըստ էության, եթե այդքան ճշմարտախոսն եք, մի քաշվեք, «արտահայտվեք» նաև այն, այսպես կոչված, «ակտիվիստների» հրապարակային վարքի մասին, ովքեր ցեխոտեցին Ձեր «արդարության» ակցիան: Գնացեք ասենք Կիվիրյանին Ձեր ավտոմեքենայով free-վարորդություն արեք, հետն էլ մի հարց տվեք նրան, օրինակ` «Կիվիրյան Արգիշտի, ոստիկանության աշխատակցին հայհոյում, «արա» էիր անընդհատ ասում, որ ի՞նչ անեիր», օրինակ` «Կիվիրյան, ձեր Սուխուդյանը բերման ենթարկվելուց մի հաճույքով ժպտում էր, որ ի՞նչ...»: Գուցե նրա պատասխանները վերականգնեն Ձեր հեռատեսությունն ու պատասխանատվության զգացումը:



