Aysor.am-ը գրում է.
Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը մտահոգիչ է համարել այն փաստը, որ վերջին 10 տարում թուրքական բանակում ինքնասպան է եղել 934 զինծառայող:
Ըստ ermenihaber.am կայքի՝ փաստը հայտնի է դարձել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազից, երբ նա պատասխանել է Մալաթիայի պատգամավոր Վելի Աղբաբայի համապատասխան հարցմանը: Պարզվել է, որ միայն վերջին 1.5 տարում Թուրքիայի զինված ուժերի զորանոցներում կյանքն ավարտել է 166 զինծառայող: Արձանագրվել է ինքնասպանության 108, հրազենի գործադրմամբ դժբախտ պատահարի 40, աշխատանքային պատահարի 1, կռվի, վիճաբանության, թունավորվելու և խեղդվելու 17 դեպք:
Պատգամավոր Աղաբաբան նախարարի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ սկզբում հաղորդում են, թե ինքնասպանություն է եղել բանակում, այնուհետև պարզվում է, որ իրականում զինծառայողներն են իրար սպանել: Նախարարից նա պահանջել է զինված ուժերում կատարվող սպանությունները չկոծկել «ինքնասպանություն» անվան տակ և ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել բանակում կյանքի անվտանգության ապահովման համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի այս տարվա գարնանը հրապարակած տվյալների համաձայն` թուրքական բանակում կա 678 հազար 617 զինծառայող, որոնցից 347-ը`գեներալ և ծովակալ: