Tert.am Life-ը գրում է․
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Շպրոտն այս օրերին Հայաստանում է։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է հայրենիք այցի, այս շրջանի զբաղվածության, արտաքին փոփոխությունների, ԼԳԲՏ համայնքի հետ վեճի և անձնական կյանքի մասին:
Անիի խոսքով՝ անընդհատ ցանկություն ունի վերադառնալ հայրենիք, քանի որ կարոտը ճնշում է իրեն: «Կարոտն անասելի է, միայն մայրիկիս չէ, որ կարոտում եմ՝ գնալով սաստկանում է նաև հայրենիքի կարոտը: Ուզում եմ վերադառնալ, բայց այստեղ ես ինձ այնքան ապահով չեմ զգում, որքան ԱՄՆ-ում։ Ինձ մեղավոր եմ զգում մայրիկիս առաջ, որ հեռու եմ իրենից։ Ինչքան էլ ֆինանսապես օգնեմ, դա չի փոխարինի ֆիզիկական ներկայությանս: Յուրաքանչյուր զավակ պետք է լինի իր ծնողի կողքին, երբ նա ծերանում է»,- ասաց նա ու հավելեց, որ այս անգամ Հայաստանում նաև աշխատանքային այցով է։
«Ինձ միշտ կարոտն է բերում Հայաստան, բայց այս անգամ այցս կարողացա համատեղել աշխատանքի հետ, քանի որ պետք է տեսահոլովակ նկարեի: Վաղուց էի գնել տոմսերը, սակայն Ուկրաինայում պատերազմի պատճառով փոխեցի ավիաընկերությունը, որպեսզի կարողանա գալ, արդյունքում ունեցա գումարային կորուստ: ՌԴ-ում համերգներ ունեի, դրանք ևս չեղարկվեցին ու նախատեսվածից շուտ եկա Հայաստան,- ասաց նա և հավելեց, որ Ամանորի գիշերը երգ է գրել Երևանի մասին, այժմ զբաղվում է տեսահոլովակի նկարահանմամբ: -Ամանորի գիշերը միայնակ էի կատվիս հետ, շնորհավորեցի մայրիկիս, հետո նստեցի ու գրեցի Երևանիս մասին «Պուլպուլակ»» երգը: Միշտ ցանկացել եմ նման երգ գրել, ուզում էի պատվիրել նման մի բան, փաստորեն, ինքս գրեցի և՛ երաժշտությունը, և՛ բառերը: Անկեղծ հոգնել էի ռաբիս երաժշտությունից, որակյալ մի բան էի ուզում: Հույս ունեմ՝ ստացվել է տալ այդ որակը և հանդիատեսը կհավանի այս աշխատանքը»:
Ըս երգչուհու՝ այս տեսահոլովակում հանդիսատեսն իրեն կտեսնի այլ կերպարով․ «Չկան էրոտիկ հագուստներ, «շպրոտական» վիճակ կա, բայց շատ հանգիստ: Ընկերներիցս մի քանիսը մասնակցել են նկարահանումներին, նրանք էլ հաստատել են, որ կերպարները շատ փակ են»:
Երգչուհու խոսքով՝ այլևս չի ներկայանալու գայթակղիչ կերպարներով։ Նման փոփոխությունն ունի իր պատճառը։
«Ես չեմ ուզում լինել էպոտաժային, շատ էրոտիկ և գրավիչ, քանի որ վերադարձել եմ Հայ առաքելական եկեղեցի և հասկացել, որ նման ոճում կա օտարամոլություն: Հասկացել եմ, որ, լինելով հանրային դեմք, չպետք է քարոզեմ նման բան պետք է անեմ այն ինչ կա իմ հոգում,- ասաց Անին և հավելեց, որ սիրելով Հայաստանը՝ եղել է օտարամոլ: -Ես երազել եմ լինել Հոլիվուդի մի մասն ու ներկայացել եմ հենց հոլիվուդյան կերպարանքով։ Շատերը հավանում էին հենց դա, բայց չէին ընդունում իմ կերպարը, չէին ողջունում այդ ոճը։ Հիմա ինձ համար դա գովելի է և ընդունելի, բայց երիտասարդ տարիքում դա չէի հասկանում: Այսօր հասկանում եմ, որ սխալ քարոզ եմ արել երիտասարդ տարիքում, ինչը համարում եմ անընդունելի, հատկապես մերօրյա իրականության մեջ, ու կարծում եմ, որ մենք ամեն կերպ պետք է ամուր պահենք մերը՝ հայկականը»:
Անին նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո իր արժեքներն այլ են, այդ օրերի կորուստները փոխել են իր ընկալումները: «Ես միշտ կարդացել եմ Աստվածաշունչ, բայց երբեք չեմ մասնակցել պատարագների, երբեք ինձ չեմ համարել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, բայց հիմա սա ինձ համար նոր և ուրիշ աշխարհ է, սկսել եմ շատ շփվել հոգևոր աշխարհի ներկայացուցիչների հետ,- պատմեց երգչուհին և շեշտեց, որ ժամանակին իր համար բոլոր կրոնները հավասար էին ու ընդունելի: -Հիմա ես զերծ եմ այն ամենից, ինչ չի ընդունում մեր եկեղեցին: Այժմ միակ ընդունելի բանն ինձ համար՝ Հայր, Որդի և Սուրբ հոգին են»:
Նա խոսեց նաև արտաքին միջամտությունների մասին և շեշտեց, որ այդ հարցում ևս իր մոտեցումները փոխվել են:«Ես նորմալ եմ վերաբերվում արտաքին միջամտություններին, եթե դու դա չես քարոզում, անում ես ինքդ քեզ համար, որպեսզի քեզ լավ զգաս, ծերացել ես ու ուզում ես շտկումներ անել, բայց դա չես անում գայթակղելու և էրոտիկ տեսք ունենալու համար։ Ամենակարևորը, չես հեռանում Աստծուց: Կրծքերը մեծացնելը յուրաքանչյուրը որոշումն է, բայց ես անձամբ խորհուրդ եմ տալիս փոփոխություններ չանել և պահել այն ինչ տվել է Աստված»,- ասաց նա:
Չնայած երգչուհին խորհուրդ չի տալիս պլաստիկ միջամտություններ անել, այնուամենայնիվ, ինքը չի պատրաստվում դրանցից զերծ մնալ:
«Ես 42 տարեկան եմ և տարիքս պարտադրում է, որպեսզի փոփոխություններ, շտկումներ անեմ: Չեմ պատրաստվում կրծքերիս իմպլանտները հեռացնել կամ հրաժարվել էսթետիկ միջամտություններից, բայց նման կերպ ես չեմ փորձի գայթակղել, շեղել մարդկանց ճիշտ ճանապարհից: Ես շարունակում եմ գեղեցիկ հագնվել, շպարվել, բայց փորձում եմ դա անել ավելի զուսպ և կրծավանդակս փակ»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: