Իմ կյանք ներխուժելու համար քեզ նախապայմաններ ու հանգամանքներ պետք չեկան: Դու սեփականատեր ես, ես էլ….
Քեզանում ինձ գրավող ոչինչ չկար: Երևի աչքերիդ լազուրը, որ զուրկ էր ամեն տեսակ ջերմությունից ու քնքշությունից: Ոչ մի նախադրյալ քեզ սիրելու համար, ոչ մի սիրահար հայացք, ոչ մի ձգտում… Ուղղակի… Իմ կյանքում ուղղակի ու անուղղակի այնքան բաներ են լինում, որ կորցնում եմ հաշիվս այդ դեպքերի, ուզում եմ անփույթ սովորությանս համաձայն ուղղակի թողնել քեզ մի տեղ ու մոռանալ: Մոռանամ այնպես, ինչպես դու մոռացար, մոռանամ հնչեղ ծիծաղդ, որ սիրում եմ կյանքից առավել, աչքերիդ սառը լազուրն ու ձեռքերիցդ ճառագող անվերջ ջերմությունը, որ պիտի տաքացնի գրկումդ հայտնվողին…
Սկզբունքները մոլախոտի նման խեղդում են ինձ ու քեզ, իմ ու քո…. ուզում էի գրել ՍԵՐԸ… հըմ…. դու պարզ ասել ես, որ չես սիրում, բայց մեկ էլ տեսար` սիրեցիր…. Խաբում եմ ինձ, քեզ, աշխարհին, Աստծուն…. Պայթում եմ այն մտքից, որ չես սիրում ու չես սիրելու, որ ժամանակն ինձ ու քեզ չի հերիքում, որ դատապարտված եմ լռելու, ես` շատախոսս, որ երբեք իր մտքինը չի թաքցնում: Ես հաշմանդամ եմ, հոգիս` նույնպես, սերս` մահամերձ, վիճակս` անտեղի: Տանել չեմ կարողանում ծխախոտի բույրը, այլապես գլանակներն իրար հետևից պիտի վառեին այն, ինչ ուզում եմ մոխրացնել, բայց և չեմ ուզում… Աստված իմ….ի՞նչ է սա` չգիտեմ… չեմ կարողանում, չեմ ուզում, չեմ համբերում, ի զորու չեմ, անպիտան եմ…. Ինձ մի օր պետք եկավ հասկանալու, որ չեմ կարող հաշտվել այս անորոշության հետ, որ մեռցնում ես ամեն ինչ, երբ սիրում ես ինձ ու չես սիրում… Պատիժ է, հույզեր, որոնք ուզում եմ թաղել, սերս թաղեմ, մի քար դնեմ, փորագրեմ. «ԱՅՍՏԵՂ ԹԱՂՎԱԾ Է ՄԻ ՈՂՋ ԿՅԱՆՔ»… Ուզում եմ բզկտել ինձ, քանդել, ոչնչացնել սեր ասվածն ու թաղել, թաղել խորը… Աստված իմ….ի՞նչ է սա` չգիտեմ… Խելագարվում եմ…