* * *
Մենք ես եմ ու մեկ էլ մի միտք նման, որը տզրուկի պես կպել է ու պոկ չի գալիս:
Մեկ-մեկ, ճիշտ է, անհետանում է, բայց չեմ հետաքրքրվել, թե ուր…
Բանաստեղծական տող ստացվեց, իրոք ո՞ւր է անհետանում… Լավ, հետո կպարզեմ:
Իսկ հիմա կոշիկներս հանած փնտրում, չեմ գտնում հողաթափերից ձախը ու մեկնվում եմ բազմոցին:
- Էյ, միտք, սուրճ պատրաստել գիտե՞ս:
Միտքը հիմար աչքերով նայում է ինձ ու չի պատասխանում:
- Փոշեկուլ միացնել գիտե՞ս:
Ձայն չկա:
Ընդհանրապես շատ քիչ բան գիտեմ նրա մասին, որտեղի՞ց հայտնվեց, ի՞նչ է ցանկացածը, ի՞նչ կարող է անել:
Երևի խիղճը տանջեց լռության մեջ ու իջնելով կիսափակ կոպերիս` ասաց:
- Դու որ գիտես ու չես անում, ի՞նչ օգուտ, ինչո՞վ ես ինձնից լավ:
Չսպասելով ոչ սուրճի, ոչ էլ փոշիները հավաքելուն `աչքերս փակվեցին, բայց դեռ քնած չեմ:
- Մի՛ քնիր, խոսի՛ր, հասկացա, որ հոգնած ես: Բայց մի բան ասեմ, դու շատ հետաքրքիրն ես դառնում, երբ տանջված տեսք ես ունենում: Ես քո մտքերից չեմ ու երբ ցանկանամ, կարող եմ գալ, կարող եմ գնալ: Հասկացա՞ր:
Հաստատ իմ մտքերից չէ, մի՞գուցե Մերգելյանի միտքն է կամ ասենք Դոստոևսկու, բայց հաստատ իմը չէ:
Կորում եմ տարածության մեջ, չեմ տեսնում սեփական դեմքս, բայց հասկանում եմ, որ քնեցի:
Պատուհանիս տակ մի փոքր հողակտոր ունեմ, միայն ծաղիկներ են:
Մի փոքրիկ աղջիկ է մտել ցանկապատից ներս ու զգույշ պոկում է ծաղիկները, սեղմում կրծքին:
Տեսավ, որ նայում եմ պատուհանից, չվախեցավ:
- Քրոջս հարսանիքն է, ես Ձեզ չեմ խանգարում չէ՞, այսքան ծաղիկ ձեզ պետք չէ:
- Քրո՞ջդ ես նվիրելու:
- Ոչ, նա ունի ծաղիկ նվիրող, իմ նվիրածն ինչի՞ն է պետք, այ տատիկս ասում է…
- Տատիկի՞դ համար ես քաղում:
- Դե ոչ իհարկե, նա կտանի ու կնվիրի բակի բեսեդկայում նարդի խաղացողներից մեկին, որպես հաղթողի, որպես իր երազանքի ասպետի:
- Դու քանի՞ տարեկան ես:
- Շա՜տ, - պատասխանեց աղջիկը:
- Ես ծաղիկները մամայիս համար եմ քաղում, նա շատ է լաց լինում:
Ցանկապատի վրայից մի շուն թռավ ներս, աղջիկը բոլորովին չվախեցավ, իսկ ես վախեցա նրա համար, ու շունը ինձ թիրախ դարձրեց, թռավ պատուհանից ներս ու սկսեց կծոտել ինձ:
Առավոտյան լիզում էի վերքերս՝ ցավերը թուլացնելու համար, երբ դուռը թակեցին:
Նորից այդ միտքն է, ի՞նչ է, ինձ հանգիստ չի՞ թողնելու, ի՞նչ է ուզում ինձնից, չեմ հասկանում:
Այ հիմա նրա երեսին կասեմ, որ հանգիստ թողնի ինձ ու կորչի գրողի ծոցը:
Դռան ծխնիները մի այնպիսի վայնասուն բարձրացրեցին, որ փակեցի ականջներս:
Հարևանս է դռների մեջ:
- Բարև, երրորդ հարկի Անահիտը մահացավ, կօգնե՞ս իջեցնենք, շտապօգնության աշխատակիցները կանայք են:
- Շատ տանջվեց, երևի սա էր փրկությունը, ախ, աշխարհ, աշխարհ…
Հարևաններով բակում կանգնած նայում ենք մեր նեղ փողոցով հեռացող շտապօգնության մեքենայի ետևից ու իրար ասելու բան չունեինք:
Մեքենայի բարձրացրած փոշու միջից հազիվ երևում էր նույն ճանապարհով գնացող գլուխը կախ, ծաղիկները կրծքին սեղմած մի փոքրիկ աղջիկ: