1in.am-ը գրում է.
Հայաստանում կաթի և պատրաստի կաթնամթերքի գներն անհամաչափ են բարձրանում: Այս միտումը նկատվում է վերջին մի քանի տարիներին:
Հուլիսի դրությամբ սննդամթերքի գները վերջին երեք տարվա կտրվածքով աճել են 18.5 տոկոսով: Միայն մեկ տարում՝ հունվար-հուլիսին՝ 2012թ.-ի նույն ժամանակի համեմատ, միրգը թանկացել է 14.5%- ով, ձուն՝ 12.3%- ով, հացամթերքը՝ 10.4%-ով, կենդանական ու բուսական յուղը՝ 9.1%-ով, իսկ կաթնամթերքը` 3.5%-ով:
Անդրադառնանք կաթնամթերքի թանկացմանը: Ուսումնասիրելով կաթնամթերքի ինքնարժեքը ձևավորող բաղադրիչների գնաճը՝ պարզ երևում է, որ կաթնամթերքի գներն ավելի դանդաղ են բարձարանում, քան արտադրության գործոնների գները: Այսպես, մթերվող կաթի գինը վերջին երեք տարում բարձրացել է 36.5%-ով, իսկ չոր կաթի և խտացրած կաթի ներմուծման գները բարձրացել են մոտ 48%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալով 2010թ.-ի համեմատ հուլիսին կարագը թանկացել է 38.1%-ով, իսկ բենզինն ու դիզվառելիքը՝ համապատասխանաբար 28.5% և 37.4%-ով:
Այսինքն՝ կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները վերջին տարիներին թանկացել են 28.5-ից 48 տոկոսով, ինչը հանգեցնում է կաթնամթերքի ինքնարժեքի բարձրացման: Սակայն կաթնամթերքի գներն այս թանկացումներին համաչափ չեն բարձրացել:
Այս ամենին գումարվել է նաև այն, որ հայրենական արտադրողների արտաքին գործընկերներին պատքերը և ստացված վարկերը հիմնականում դոլարային են: Այնպես որ, վերջին շրջանում դոլարի մոտ 11%-ով թանկացման պատճառով նրանց վրա ավելի թանկ են նստում և՛ վերցված վարկերը, և՛ արտաքին գործընկերներին կուտակած պարտքերը:
Իհարկե, հայաստանյան կաթնամթերք արտադրող ընկերությունները մայիսին բարձրացրեցին գները 5-10%-ով, որը մասամբ կարող է փոխհատուցել վերջին երեք տարիների բոլոր նշված բաղադրիչների գների բարձրացումն ու կրած վնասները, սակայն այս ամենին այժմ ավելացել է նաև այս տարվա հումքի և էներգակիրների գների բարձրացումը:
Հնարավոր է կաթնամթերքի թանկացման ևս մեկ փուլ: Ինչը ենթադրվում է երեք խումբ գործոններով:
Առաջինն այն է, որ Հայաստանում այս տարի ամռան ամիսներին չեն իջել կաթի մթերման գները: Սովորաբար, սեզոնայնությամբ պայմանավորված, ամռանը կաթի մթերման գինը՝ ձմռան համեմատ իջնում է: Այս տարի ձեռնարկությունների մեծ մասում կաթի մթերման գործարանային գները մինչև մարտ ամիսը կազմել են 160 դրամ, մարտ-մայիս ամիսներին՝ 170 դրամ, հունիսին՝ 160 դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 120-130 դրամի դիմաց: Օգոստոսից կաթի գինը կրկին բարձրացել է մինչև 170 դրամ: Ամառվա գնի բարձր մակարդակն արդեն իսկ ենթադրում է, որ աշնանը և ձմռանը այն կարող է գերազանցել 200 դրամը, իսկ կաթնարտադրության ոլորտում թողարկվող արտադրանքի ինքնարժեքի ծանրակշիռ մասը կազմում է հենց կաթը: Այս ամենին գումարվում է նաև 20% ավելացված արժեքի հարկը:
Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում չոր կաթի և խտացրած կաթի ներմուծման գները անցած տարվա համեմատ բարձրացել են ևս 25,1%-ով, իսկ կարագի գինը միջազգային շուկայում վերջին ամսիներին բարձրացել է 20%-ով: Սրանք նույնպես կաթնամթերքի արտադրության հիմնական բաղադրիչներից են:
Եվ վերջապես, այս ամենին գումարվում է նաև վերջերս գազի՝ 18%-ով և էլեկտրաէներգիայի` 26,7%-ով թանկացումը:
Այս երեք խումբ գործոններն ավտոմատ ենթադրում են, որ կաթնամթերքի գինը անփոփոխ մնալ ուղղակի չի կարող: Հաշվի առնելով մթերվող կաթի գնի աշնան ու ձմռան ամիսներին սպասվելիք բարձրացումը, կարագի, գազի, էլեկտրաէներգիայի և մնացած բաղադրիչների գնաճը՝ աշնանն արդեն կանխատեսվում է կաթնամթերքի 30-40%-ով թանկացում: