Հունվարի 30-ին՝ «Dubai 2020 Expo» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում, նշվեց Հայաստանի ազգային օրը, ինչը հիանալի առիթ էր ավելի լայն լսարանի ներկայացնելու հայկական մշակույթը, պատմությունը և մեր երկրի այլ գրավչությունները։
Նշենք, ոչ 6 ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։
BlogNews.am կայքի հետ զրույցում հայտնի դիմահարդար, միջազգային մրցույթների մասնակից և «Beauty fabric»-ի տաղանդավոր մասնագետներից Անի Կոստանդյանը պատմեց  «Dubai 2020 Expo»-
ին
 պատվիրակության անդամ լինելու, իր տպավորությունների, անցած մասնագիտական ճանապարհի և հաջողության բանաձևի մասին:

 

- Անի, կպատմե՞ք «Dubai 2020 Expo»-ին պատվիրակության անդամ լինելու մասին: Ի՞նչ գործունեություն եք իրականացրել այդ ժամանակահատվածում:   

-Ինչպես գիտեք, համավարակի պայմաններում «2020 Expo»-ն մեկնարկեց այս տարի՝ Միացյալ էմիրություններում՝ Դուբայ քաղաքում։ 
Այն 10 տարին մեկ իրականացվող համաշխարհային միջպետական ցուցահանդես է, որտեղ ամեն պետություն ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում (և ոչ միայն) իր ձեռքբերումները՝ նախորդող տարիների ընթացքում։
Մի քանի ամիս տևող այս իրադարձության ընթացքում բազմահազար զբոսաշրջիկներ են այցելում և ծանոթանում տարբեր երկրների մշակույթներին, բացի այդ յուրաքանչյուր պետություն ունի իր օրը, որն անց է կացվում տարբեր միջոցառումների տեսքով։ Հայաստանը, իհարկե, մասնակցում էր, և 2022 թվականի հունվարի 30-ը Հայաստանի օրն էր «2020 Expo»-ում։ Հայաստանից մեկնել էինք պատվիրակությամբ, որը գլխավորում էր «Շարմ» ընկերությունը՝ պետության հովանավորությամբ։  Այդ օրվա ընթացքում Հայաստանի «Բարեկամություն պետական համույթը» հանդես եկավ պարային  երկու մասից բաղկացած ներկայացումամբ, որի ժամանակ մեզ՝«Beauty fabric»-ին, վստահված էր դիմահարդարման և վարսահարդարման աշխատանքները։ Մեկնել էինք անձնակազմից 4 հոգով։

-Ինչպիսի՞ տպավորություններով եք վերադարձել:

-Ունեցանք, իհարե, շատ հագեցած օր, վերադարձանք մեծ տպավորություններով։ Հաճելի էր այդ ամենի մի մասնիկը լինելն ու հետևելը, թե ինչպես են աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկները և արաբական աշխարհի ներկայացուցիչներն ուշադրությամբ, հիացմունքով ակնդրում մեր մշակույթի կարևորագույն ստեղծագործություններից՝ «Հայկ և Բել» պարային ցուցադրությունը։
Շատ ուրախ  եմ, որ այդ մեծ իրադարձության կազմակերպչական աշխատանքի մեջ իմ փոքրիկ ներդրումն եմ ունեցել։

 

-Իսկ ի՞նչ գործունեություն եք ծավալել մինչ օրս, կպատմե՞ք Ձեր փորձի մասին:

-Արդեն տասը տարի աշխատում եմ  Աշխեն Կոստանդյանի՝«Beauty fabric»-ի սրահներում, այս պահին առաջատար դիմահարդարներից մեկն եմ, զուգահեռաբար զբաղվում եմ սրահի աշխատանքների կազմակերպչական հարցերով, դիմահարդարման դասավանդմամբ։ Ունեմ ինչպես զրոյական, այնպես էլ վերապատրաստման խմբեր։

-Կպատմե՞ք՝ երբ եք որոշել ընտրել հենց այս մասնագիտությունը և ինչպիսի՞ դժվարություններ կամ մտավախություններ եք ունեցել սկզբնական շրջանում

-Տասնմեկ  տարի առաջ սիրահարվեցի այս մասնագիտությանը, սկսեցի սովորել, հետո օգնում էի հորաքրոջս՝ Աշխեն Կոստանդյանին, դասավանդման կազմակերպման աշխատանքների ժամանակ, և երբ հիմնվեց «Beauty fabric»-ի առաջին՝ Աբովյան քաղաքի սրահը, սկսեցի աշխատել այնտեղ որպես դիմահարդար։  
Դժվարությունները հիմնականում հմտանալու և ոլորտում իմ տեղը գտնելու հետ էին կապված, ինչը, կարծում եմ, այս տարինետի ընթացքում ինձ հաջողվել է։

 

-Ձեր կարծիքով այսօր որո՞նք են դիմահարդարման ոլորտի հիմնական խնդիրները, ի՞նչ կառաջարկեք դրանց լուծման համար:

-Կարծում եմ, այս պահին Հայաստանում  միակ խնդիրը մասնագետներիս համար կոմերցիոն և դեկորատիվ աշխատանքի հստակ սահմանազատումն է, ոճաբանական ավելի խորը գիտելիքների ձեռքբերումը:
Իսկ ընդհանուր առմամբ մեր մասնագետները բավականին տաղանդավոր են և քաջատեղյակ  համաշխարհային տենդենցներին։

-Ձեր մասնագիտության մեջ որո՞նք են լավագույնին հասնելու համար կարևոր նախադրյալները:

-Լավագույնին հասնելու ամենակարևոր նախադրյալը աշխատասիրությունն է, նկարչական տեսողությունը և սոցիալական  հարթակներում ակտիվությունը։

-Ինչպե՞ս եք դուք կարողացել հասնել հաջողության: Կկիսվե՞ք Ձեր խորհուրդներով երիտասարդ մասնագետների հետ։

-Ես երբեք չեմ դադարում սովորել։ Խորհուրդ կտամ շատ աշխատել։
Մասնակցեք մրցույթների, դրանք մեծ հնարավորություն են հմտանալու և ոտքերի վրա ամուր կանգնելու հանար։
Երբեք մի վախեցեք նորը լինելուց, փորձեք ստեղծել ձեր ոճը։
Շատ ուտումնասիրեք մարդու տեսակը. յուրաքանչյուր կին ուզում է նախ և առաջ ներդաշնակ լինել իր «ես»-ի հետ։
Իսկ դիմահարդարումը հաճախ թերապիաի պես հնսրավորություն է ընձեռում կնոջ նըրքին և արտաքին գեղեցկությունը միաձուլելու։ Ուստի, ամենուր գեղեցիկը նկատելով՝ դուք կսովորեք նաև ստեղծել այն մարդկանց համար։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել