Artsakhpress.am-ը գրում է․
Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչ 1971թվականին ծնված Սուրեն Բաղրյանն այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ թշնամու կողմից ականանետից արձակված կրակոցից մեջքի շրջանում վիրավորում է ստացել:
«Արցախպրես»-ի թղթակիցն այցելել և տեղում ծանոթացել է բժիշկների հսկողության տակ գտնվող խաղաղ բնակչի առողջական վիճակին։
«Առավոտյան ժամը 10:30-ի կողմերը, երբ աշխատում էի այգում, լսվեց մեկ կրակոց։ Անմիջապես ապահով վայր տեղափոխվեցի և մեջքիս հատվածում ցավ զգացի. հետո արյունը տեսա։ Ընկերս գյուղի բուժկետ տարավ, որից հետո համագյուղացու ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Ինքնազգացողությունս լավ է, շուտով տանը կլինեմ»,-ասել է Ս. Բաղրյանը։
Մեր զրուցակիցն անկեղծացավ՝ գյուղի տղամարդկանց ոգին միշտ էլ բարձր է։ «1990-ական թվականներին մեր վիճակն ավելի վատ էր, սակայն կարողացանք հաղթանակ տոնել։ Այս ամենն այսպես չի մնա, անպայման լավ է լինելու, թուրքի աչքերից մի օր արտասուք է հոսելու, իսկ ես կշարունակեմ ծառայել հայրենիքիս»,-ընդգծել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: