Lurer.com-ը գրում է.
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ՝ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 350 մլն ՀՀ դրամի գույքը:
Բացի այդ, Արկադի Համբարձումյանը 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր, սակայն դրանում թաքցրել է իրեն պատկանող` 8 մլն ՀՀ դրամից ավելի արժեք ունեցող կահույքի խմբաքանակը։
Այս պատմության մեջ մի շարք ուշագրավ դրվագներ կան, նախ և առաջ հարց է առաջանում, թե ինչու է քրեական գործը հարուցվում հիմա, եթե խոսքը գնում է դեռևս 2019 թվականի հայտարարագրի մասին, որում առկա անճշտությունները կամ կեղծիքները պետք է որ վաղուց բացահայտված լինեին։ Մյուս կարևոր հանգամանքը այն է, որ հեղափոխությունից հետո իշխանությունները փաստացի աչք փակեցին Համբարձումյանի որդու բանակում ծառայած չլինելու հանգամանքի վրա և խոստացածի պես որևէ հետաքննություն չիրականացրին։
Այս ողջ ընթացքում պետական կառույցները շարունակել են մեկ անձից գնման ընթացակարգով միլիոնների հասնող գնումներ անել Համբարձումյանի «Սլավմեդ»-ից և մյուս ընկերություններից։ Անգամ մամուլում առկա հրապարակումներն ընդդեմ Համբարձումյանի հեղափոխականները չնկատելու էին տալիս։ Դիցուք` կառուցապատում իրականացնող «Լույսեր» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, թե Արկադի Համբարձումյանը մի խումբ մարդկանց հետ գնացել էր շինհրապարակ և փորձել արգելել աշխատանքներին՝ «հին ու բարի գողական» ձևերով՝ ըստ էության իրականացնելով ինքնիրավչություն:
Այժմ ստացվում է, որ շուրջ երեք տարի տևած աչքակապությունից հետո իշխանությունները որոշել են փչացնել հարաբերությունները ՀՀԿ-ական օլիգարխի հետ։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունը տարածվում է ՏԻՄ ընտրություններից հետո, որոնց ընթացքում Համբարձումյանը, ի տարբերություն այլ կարկառուն նախկին ՀՀԿ-ականների, ՔՊ-ին չաջակցեց, մասնավորապես` խոսքը Սպիտակում կայացած ընտրությունների մասին է, իսկ Սպիտակում Համբարձումյանի ազդեցության լծակները ՔՊ-ին կարող էին մեծապես օգնել։ Ինչպես երևում է` Փաշինյանը որոշել է պատժել Արկադի Համբարձումյանին, դե իսկ ավելորդ 300 միլիոն դրամն այսօր իշխանություններին, ինչ խոսք, չի խանգարի։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=454729&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



