Lurer.com-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Վեստի»-ի իսրայելական աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները տևել են մոտ երեք ժամ, որից հետո Իսրայելի վարչապետը մեկնել է Բեռլին, որտեղ կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, ով վերջերս Իսրայել էր այցելել։

Նշվում է, որ Իսրայելի վարչապետը դարձել է օտարերկրյա պետության առաջին ղեկավարը, ով հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։ «Վեստի»-ի աղբյուրը չի բացառել, որ ուղևորությունը արտակարգ բնույթ է կրել, քանի որ Նաֆթալի Բենեթը շաբաթ առավոտյան թռել է Մոսկվա, մինչդեռ Իսրայելի առաջնորդներն ընդհանրապես և Բենեթը մասնավորապես (հրեական ավանդույթների համաձայն) չեն տեղաշարժվում շաբաթ օրը։

Իսրայելը հայտնել է, որ Մոսկվա մեկնելուց առաջ Բենեթի գրասենյակի ներկայացուցիչները կապվել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի հետ և տեղեկացրել Վլադիմիր Զելենսկուն առաջիկա հանդիպման մասին։ Նշվում է նաեւ, որ Վաշինգտոնը դեմ չի եղել այս այցին։

Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բանակցությունները տեղի են ունեցել Կրեմլում, քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև այդ երկրում իսրայելցիների և հրեական համայնքների իրավիճակը։ Անդրադարձ է եղել նաև այլ հարցերի, այդ թվում՝ Վիեննայում Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին։

Հանդիպմանը մասնակցել է շինարարության նախարար Զեև Էլկինը, որն օգնել է Պուտինին թարգմանության հարցում։ Զեև Էլկինը ծնունդով Խարկովից է, նրա հարազատներն այդ քաղաքում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել