Esyes.am-ը գրում է.
Այն, որ շոկոլադը մի շարք օգտակար հատկություններ ունի, բազմիցս ապացուցված է, սակայն ոչ բոլորը գիտեն, որ շոկոլադը բավականին հարուստ ու զվարճալի պատմություն ունի: Այս ամենից զատ, անդրադարձից կարող ես պարզել, թե հայտնի մարդկանցից ովքեր են խենթանում շոկոլադի համար :)

Շոկոլադի պատմությունը
Մ.թ. 7-րդ դարում մայաների քաղաքակրթությունը շարունակում էր ծաղկել, ի հայտ էին գալիս նորանոր հոյակերտ տաճարներ, որոնցում հաճախ երկրպագում էին նաև կակաոյի աստծուն: Ավելին, կակաոն համարվում էր ծառերին աճող հարստություն, որի աստվածային պտուղներին վերագրվում էին տարատեսակ բուժիչ հատկություններ: Եվրոպայում առաջինը շոկոլադ պատրաստեց Կորտեզը` Կոլումբոսի արշավախմբից, սակայն նրբաքիմք իսպանացիներին այն չափազանց դառը թվաց, որոնք շոկոլադը համադրեցին եղեգնաշաքարի հետ: Արդեն 17-րդ դարում այն Եվրոպական գրեթե բոլոր արքունիքների ամենահարգի ըմպելիքն էր: 19-րդ դարում, շնորհիվ շոկոլադի ընդլայնվող պլանտացիաների, այն մատչելի դարձավ նաև դղյակներից դուրս: 1820 թ.-ին մինչ այդ իբրև խմիչք օգտագործվող շոկոլադը համադրվեց կակաոյի յուղի, շաքարավազի և լիկյորի հետ, իսկ 1828 թվականին Ամեդե Կոլերի մտքով անցավ շոկոլադին ընկույզ ավելացնել: 1875 թ.-ին գոյություն ուներ նաև կաթով շոկոլադը, իսկ Շվեյցարիան հասցրել էին հռչակել «շոկոլադի երկիր»:
Այնուհետև իտալացիները հնարեցին շոկոլադի արտադրության համար անհրաժեշտ լիցենզիան, Անգլիայում Chocolate House-ներն ավելի հաճախելի դարձան, քան թեյարանները, իսկ 1920-ին անգլիացի Ջոն Մարսն իրեն հավերժացրեց համանուն շոկոլադե բատոններով:
Շոկոլադը և փողը
Գերմանիայի կայսր Կարլ 5-րդի կառավարությունը, ժամանակին ճիշտ գնահատելով շոկոլադի եկամտաբերությունը, ցանկանում Էր այս ապրանքի համար պետական մենաշնորհ սահմանել: Իսկ ինչպես գրում Է իսպանացի պատմաբան Օվիեդոն՝ «դարեր շարունակ միայն հարուստն ու ազնվականը կարող Էր իրեն շոկոլադ թույլ տալ, քանի որ նա բառացիորեն փող Էր խմում»: Իսկ կակաոյի պտուղները որպես արժույթ օգտագործել են շատ ազգեր... Հնում 100 այդպիսի սերմի դիմաց կարելի Էր լավ ստրուկ ձեռք բերել: Ըստ նույն այս հաշվարկի` 100 պտուղ արժեր խեցգետինը, 200` եփած հնդկահավը, 6 պտուղ` մարմնավաճառը :)
Շոկոլադը և տուրիզմը
Շոկոլադի բուժիչ հատկությունների շնորհիվ վերջին ժամանակներում ավելի մեծ հեղինակություն են ձեռք բերել շոկոլադե «հանգստավայրերը», որտեղ շոկոլադով հիմնականում բուժում են դեպրեսիաները: Ամենահայտնի հանգստավայրերից Է Կալիֆոռնիայի Հերշեսը: Այսօր զբոսաշրջային շատ գործակալություններ չեն վարանում իրենց ծրագրերում ներառել այցելություններ «շոկոլադի սրճարաններ», որտեղ շոկոլադը կարելի է ճաշակել ոչ միայն իբրև աղանդեր, այլև որպես սնունդ, ասենք, շոկոլադե սոուսով բադ: Այցելությունների մեծ ցուցանիշ ունեն նաև Բարսելոնայի շոկոլադի թանգարանն ու Գերմանիայի Շոկոլանդիան. այստեղ կազմակերպվող ՙշոկոլադե՚ շոուներին տարեկան ականատես է լինում ավելի քան երեք միլիոն մարդ:
Շոկոլադը և նորաձևությունը
Լուվրի ստորգետնյա առևտրական ցուցասրահում «քաղցր օրերի» շրջանակներում ցուցադրվում են իսկական գլուխգործոցներ, որոնք ստեղծում են ֆրանսիական շոկոլադի նորաձևության վարպետները: Սակայն սրահի ամենավառ իրադարձությունը հայտնի 15 նորաձևության տների (Cacharel, Nina Ricci և այլն) ստեղծած շոկոլադե զգեստների ցուցադրությունն է: Եվրոպացի այս «մոդելագործներին» ձեռնոց են նետում նրանց ամերիկացի պաշտոնակիցները. 1998 թվականին Նյու Յորքում կայացած ցուցադրությունը վտանգեց եվրոպացիների մենաշնորհը, այնտեղ հատկապես ցնցող Էին շոկոլադե կորսետները, զարդերը և հարսանյաց զգեստները:
Շոկոլադը և սեքսը
Գիտնականները վաղուց պարզել են, որ համբուրվեցիս արտադրվում են միևնույն հորմոնները, ինչ շոկոլադ ուտելիս :) Ասում են` ամերիկուհիների կեսը պատրաստ է ավելի շուտ հրաժարվել սեքսից, քան շոկոլադից: Բացի դրանից, հայտնի է, որ Կազանովան ամենուր իր հետ տանում էր արծաթյա «շոկոլադատուփ», որում, ըստ նրա, սիրային հաջողությունների գաղտնիքն էր: Դեռևս մադամ Պոմպադուրը Ֆրանսիայի թագավորի հետ առանձնանալուց առաջ նախ «համբուրվում» էր շոկոլադի հետ, իսկ մադամ Դյու Բարին դրանով կշտացնում էր իր բազմաթիվ ֆավորիտներին` իր ցանկություններին ամբողջովին համապատասխանելու համար: Պատահական չէ, որ ժամանակին ֆրանսիացի հրուշակագործ Ժակ Բոկելը որոշեց ՙԿամասուտրայում՚ նկարագրված դիրքերը վերարտադրել հենց շոկոլադե արձանիկների միջոցով, նա մտահղացման արդյունքը տեսնելու հնարավորություն էր տալիս միայն չափահասներին: Պատահական չէ նաև, որ մերօրյա ամենասեքսուալ սևամորթ կանանց ևս անվանում են «շոկոլադ»:
Շոկոլադի օգտակարությունը
Տրամադրությունը բարձր պահելու և դիմադրողականությունն ամրապնդելու համար բժիշկները կանանց խորհուրդ են տալիս ավելացնել օգտագործվող շոկոլադի քանակը: Շոկոլադի գաղտնիքը հատուկ քիմիական նյութերն են, այդ թվում` էնդորֆինը, ինչի քանակությունը կանանց օրգանիզմում կախված է կանանց հորմոնների մակարդակից: Շոկոլադը բարձրացնում է էնդորֆինի մակարդակը` այդպիսով բարձրացնելով տրամադրությունը և դրական լիցքեր հաղորդել: Գիտնականները պարզել են, որ կակաոյի հատիկների մեջ պարունակվող օգտակար նյութերը նվազեցնում են ախորժակն ու վնասակար ուտելիքների ցանկությունը: Շոկոլադը նպաստում է նաև մաշկի ծերացման դանդաղեցմանը ու հարթել կնճիռները: Շոկոլադում առկա են մի շարք օգտակար նյութեր, որոնք խթանում են մաշկային բջիջների ռեգեներացիան:
Շոկոլադը «մատնում» է քեզ
Պարզվում է` պատահական չէ, որ մարդիկ տարբեր շոկոլադներ են նախընտրում. մեկը` սև, դառը, մյուսը` սպիտակ, երրորդը` կաթնային և այլն: Հենց շոկոլադային «նախընտրություններով» էլ կարելի է բացահայտել մարդու խառնվածքը:
Սպիտակ շոկոլադ. դուք ռոմանտիկ եք, իդեալական ընտանիքի, հանգիստ կյանքի, երջանիկ ամուսնության մասին երազող անձնավորություն: Տղամարդիկ հաճախ են ընտրում նման կանանց:
Սև շոկոլադ. ձեր գործողությունները գուշակել անհնար է: Դուք սիրում եք ամեն տեսակի արկածներ և խենթություններ, քանի որ առանց դրա ձեր կյանքը ձանձրալի կլինի: Սիրելիիդ հաճախ կարող է զարմացնել քո գործողությունները, սակայն հենց դրա համար էլ նա սիրում է քեզ:
Կաթնային շոկոլադ. շատ ուժեղ անձնավորություն եք, ինչին կարելի է միայն նախանձել: Տղամարդկանց երբեմն այն կարող է անհանգստացնել և նույնիսկ վախեցնել: Բայց ավելի մոտիկից ճանաչելով ձեզ` նրանք չեն կարող կանգնել ձեր հմայքի և փայլի առջև:
Շոկոլադասեր հայտնիները

Անաիս Սարդարյան. «Կյանքն առանց շոկոլադի տխուր կլիներ»
«Կյանքն առանց շոկոլադի տխուր կլիներ»,- համոզված է դերասանուհի Անաիս Սարդարյանը, ում խոսքերով` վատ տրամադրության դեպքում անմիջապես դիմում է շոկոլադի օգնությանը: «Վատ տրամադրությունս անմիջապես փոխվում, երբ շոկոլադ եմ ուտում,- ասաց Անաիսը և ավելացրեց,- շոկոլադից չեմ կշտանում. պարզապես հաճույք եմ ստանում այն վայելելուց: Շոկոլադը միակ բանն է, որ չեմ կարող հանել սննդակարգիցս»: Կաթնային շոկոլադ նախընտրող Անաիսի խոսքերով` որքան էլ գիտակցում է, որ շոկոլադից կարող է գիրանալ, այնուամենայնիվ, ուտում է իր սիրելի շոկոլադը և տեղյակ է դրա օգտակարության մասին: «Մի անգամ Մոսկվայում շոկոլադով մերսման էի գնացել, որից հետո հասկացա, թե ինչպես է այն հարթացնում ու փափկեցնում մաշկը»,- ավելացրեց դերասանուհին:

Մովսես Նիկողոսյան. «Միանգամից 8 սնիկերս կերա»
Դերասան Մովսես Նիկողոսյանը, ով «Քաղաքում» սերիալում մարնավորում է Կարբիտին, նույնպես շոկոլադասեր է: Մոտ մեկ տարի առաջ Մովսեսը նույնիսկ գրազ է եկել ընկերների հետ ու միանգամից ութ սնիկերս կերել: «Սկզբում չհավատացին, բայց ես կերա: Սակայն ոչ ոքի խորհուրդ չեմ տա նման բան անել, որովհետև պարտվելու հավանականությունը մեծ է»,-ասաց Մովսեսը, ով սև շոկոլադի սիրահար է և ուտում է այն, երբ սիրտն է ուզում:

Քրիստինե Պեպելյան. «Պայուսակիս մեջ գրեթե միշտ շոկոլադ է լինում»
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ևս շատ է սիրում շոկոլադ և գիտի, որ այն երջանկության հորմոններ է առաջացնում: «Այդպես ասում են, սակայն գուցե մարդիկ են իրենց ներշնչում, որ շոկոլադը երջանկացնում է»,- նշեց երգչուհին, ում համար ևս շոկոլադ ուտելը հաճույք է: Քրիստինեից պարզեցինք, որ շոկոլադը հիմնականում սուրճի հետ է օգտագործում: Կաթնային շոկոլադի սիրահար երգչուհին ավելացրեց նաև, որ պայուսակի մեջ գրեթե միշտ շոկոլադե սալիկներ է ունենում, թեև ամռան այս շոգ օրերին դա անհնար է:

Արթուր Աբրահամ. «Շոկոլադը կյանքը քաղցրացնելու միջոց է»
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի սիրելի քաղցրավենիքը հենց շոկոլադն է, և Արթուրը սիրում է շոկոլադի բոլոր տեսակները` սև, կաթնային, ընդեղենով, գրիլյաժի համադրությամբ և այլն: «Ամեն օր, օրվա տարբեր ժամերին ուտում եմ շոկոլադ, չնայած սուրճ ընդհանրապես չեմ խմում»,- ասաց բռնցքամարտիկը, ում համոզմամբ ևս շոկոլադը տրամադրություն է բարձրացնում, պարունակում է հակադեպրեսանտներ, իսկ սև շոկոլադը կարգավորում է արյան շրջանառությունը, նվազեցնում թրոմբային գոյացությունների առաջացումը: Արթուրի համար, սակայն, շոկոլադը ոչ միայն կյանքը քաղցրացնելու միջոց է, այլև լավ նվեր` գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ