1in.am-ը գրում է.

Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածու Գրիգորի Այվազյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջան մեկնելու անվտանգության երաշխիքներ դեռևս չի ստացել և չի պատրաստվում այլ մարդկանց կյանքը վտանգել, ինքը Ադրբեջան կմեկնի մտերիմներից մեկի հետ: 

Նա ափսոսանք հայտնեց, որ Ադրբեջանի նախագահի, իր խոսքով, արժանի թեկնածուներից մեկը` Իբրահիմբեկովը, ամենայն հավանականությամբ, այս ընտրություններին հնարավորություն չի ունենա մասնակցելու երկքաղաքացիություն ունենալու պատճառով: Դա, ըստ նրա, կարելի է դիտել որպես իշխանությունների կողմից Ադրբեջանի նախագահի հավանական թեկնածուներից ձերբազատվելու քայլ: Իբրահիմբեկովը չի մասնակցի, երկրորդ ամենահավանական թեկնածուն բանտում է և հազիվ թե դուրս գա մինչև ընտրությունները: 

«Իմ պարագայում այնպիսի խոչընդոտ, ինչպիսին Իբրահիմբեկովի մոտ է, գոյություն չունի, ես միայն Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի եմ և որևէ այլ երկրի քաղաքացի չեմ, որևէ այլ երկրի հանդեպ պարտավորություն չունեմ, ավելին` ես հպարտ եմ, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի եմ: Հպարտ եմ ոչ նրա համար, ինչ արեց ադրբեջանական պետությունը հայերի նկատմամբ 88-90-ականներին, ոչ թե ագրեսիայի համար, այլ նրա համար, որ մեր համայնքը` ադրբեջանահայ համայնքը, լինելով պետականաստեղծ և պետականակիր ազգերից մեկը, մեծ ներդրում է ունեցել պետության ստեղծման և զարգացման գործում»,- նշեց Գրիգորի Այվազյանը: 

Նրա խոսքով` ներկա իրավիճակում իր համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Ադրբեջանի ընդդիմությունը փնտրտուքի մեջ է, թե ում ներկայացնի Իբրահիմբեկովի փոխարեն: Գրիգորի Այվազյանի խոսքով` իրենք այդքան ջանքեր չպետք է գործադրեն այսպիսի խնդրի լուծման համար, քանի որ Ադրբեջանի բազմազգ ժողովուրդը, որը դժգոհ է Ալիևի իշխանությունից, պատրաստվում է քվեարկել իր օգտին: «Ադրբեջանի ընդդիմությունը մտածելու բան չունի, կարող է համախմբվել մեր թեկնածության շուրջ, եթե իրոք ընդդիմադիր են»,- ասաց Գրիգորի Այվազյանը: 

Նա հայտարարեց, որ միակ ադրբեջանցին է, որ խոստովանում է իր հայ լինելը` հավելելով, որ Իլհամ Ալիևն էլ ազգությամբ քուրդ է: Այնպես որ, իր թեկնածությունը օրինաչափ է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել