Panorama.am-ը գրում է․
Խոշոր խանութներում, սուպերմարկետներում արագ սպառվում են 30-50 դրամանոց ձվերը։ Սպառողներն ուրախ են, թռչնաբուծարանները՝ մտահոգված։
«Երեկ «Արաքս»-ի փոքր ձուն գնել ենք 30 դրամով։ Կարծում եմ՝ կամ Թուրքիայից են բերում, կամ Իրանից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացին՝ խոստովանելով, որ ցածր գնի պատճառով երկու մեծ տուփով 90 ձու են գնել։
Այսօր արդեն խանութում նույն ձուն 40 դրամ է։ Շուկայում գները փոփոխվում են խելահեղ արագությամբ, խանութները հրաժարվում են բարձր գնով ձու գնել արտադրողներից, վերջիններս ելքեր են փնտրում։
«Նոր Զովք» սուպերմարկետի էջում նույնիսկ 33 դրամով ձու կա։ «Երևան Սիթի» սուպերմարկետում «Արզնի» ընկերության արտադրած ձվերի մեծ մասի համար զեղչեր են գործում։ Մրցակից ընկերությունները «Արզնի», «Շիրակ ձու» ընկերությունների վարքում դեմպինգային տարրեր են տեսնում։ Մրցակցության պաշպանության հանձնաժողովը խնդրի մասին երկու բողոք է ստացել՝ մեկը գրավոր «Աշտարակ ձու» ընկերությունից, մյուսը՝ թեժ գծով քաղաքացուց։
«Սուպերմարկետներում թվացյալ ակցիայի ներքո գործող գները դեմպինգային բնույթ են կրում, ոչ թե ակցիաներ են։ Այս ամենը սկսեց «Շիրակ»-ով, ապա նրան միացավ «Արզնի»-ն, հետո արդեն պարտադրված տարածվեց բոլորիս վրա, քանի որ այլևս հնարավոր չէ։ Շատ անհանգստացնող վիճակ է, ընկերությունները փակման վտանգի տակ են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Աշտարակ ձու» ընկերության տնօրեն Սուսաննա Սարգսյանը։
Ոլորտում գործող տնտեսվարողները ձվի շուկայում ստեղծված իրավիճակը որակում են խայտառակ՝ նշելով, որ վաղուց նման բան չէր եղել։ Խնդրի առաջ կանգնած «Աշտարակ ձու»-ն բացի Մրցակցության պաշտպանության հանձնաժողով դիմելուց, ամենօրյա քննարկումներ է անցկացնում վաճառքի գնի վերաբերյալ, պատրաստվում արտադրած ձուն արտահանել։
«Հումքը թանկացել է։ Ինձ շատ հետաքրքիր է, ինչպես են նման ցածր գնով ձու վաճառող ընկերությունները հիմնավորելու, ինչո՞ւ էին մինչ այս ձուն թանկ վաճառում։ Այս իրավիճակում, կարծում եմ, շատ ընկերություններ չեն դիմանա մրցակցությանը։ Ամեն օր հավաքվում ենք, խորհրդակցություններ ենք անցկացնում։ Մենք արդեն երկու թռչնանոց պլանավորածից շուտ հանում ենք, հասկանում ենք, որ գուցե շուտով չկարողանանք կերակրել այդ հավերին։ Այս ամենի արդյունքում աշխատատղեր են կրճատվելու»,-կրած ու հնարավոր վնասները թվարկում է ընկերության տնօրենը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ