Hraparak.am-ը գրում է.

Երեկ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ընդունել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։

Մենք զրուցեցինք ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետ, մանրամասներ իմանալու հանդիպումից, թե ի՞նչ են քննարկել ընդունելության ժամանակ. «Մենք զրուցեցինք ընդհանուր արվեստի հետ կապված շատ կարևոր հարցերի շուրջ։ Հնարավորին չափ պիտի զարգացնենք այն ինչի նախապաշարումը ունենք բոլորս։ Եվ հետաքրքիր առաջարկություն արեց մեր կոմպոզիտորներից մեկը, մոտ ժամանակներս կազմակերպվելու է մեծ միջոցառում, որտեղ հնչելու են ոչ թե միայն հայկական, այլև տարբեր հանրահայտ երգեր։ Պիտի կարողանանք աշխուժացնել մեր արվեստի ասպարեզը, հնարավորությունների չափով պիտի բարձրացնենք արվեստի, ինչպես նաև հեռուստատեսության մակարդակը»։

Քոթանջյանը վստահ է՝ այն ինչ քննարկվել է Ալեն Սիմոնյանի հետ կյանքի է կոչվելու։

Քոթանջյանը նաև նշեց, որ նման հանդիպում֊քննարկում արվեստի ոլորտի հետ կապված որևէ այլ նախագահի օրոք չի եղել։

Հանրությունը արվեստի ներկայացուցիչների հանդիպումը Ալեն Սիմոնյանի հետ միանշանակ չընդունեց ու նույնիսկ եղան շատերը որոնք քննադատեցին արվեստի ներկայացուցիչների երբեմնի փառքն ու տարիների ընթացքում ձեռք բերված բարձր  հեղինակությունը, Քոթանջյանից հետաքրքվեցինք ինչպես կմեկնաբանի երևույթը. «Եթե ազգի հետ դժբախտ բան է պատահում նստել միայն սգալ ու ոչինչ չանելը հիմարություն է, պիտի հնարավորին չափ դեպի լավը գնալ ու լավատես լինել»։

Կապ հաստատեցինք նաև ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանի հետ, որը սակայն նշեց, որ վատառողջ է և չի կարող պատասխանել հարցերին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել