Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 10-ի նիստում հաստատեց Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների սահմանափակումները հերթով ուժի մեջ են մտնում. «Հաշվի առնելով, որ ծխախոտի փոխարինիչների ինդուստրիան շատ նորարական է, անընդհատ ավելանում են արտադրատեսակները, մեր խնդիրն է արագ արձագանքել եւ նոր արտադրատեսակների վրա նույնպես տարածենք տեխնիկիական կանոնակարգերը: Այս առաջարկով մենք սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը եւ կարծում են՝ սա կարեւոր ներդրում է ՀՀ-ում մարդկային կապիտալի, նրանց առողջության մեջ: «Սրանով մենք ամբողջությամբ կազատենք մարդկանց տեսադաշտը ծխախոտային արտադրատեսակներից»,-ասաց նախարարը:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից արգելվել է խանութներում ծխախոտի ցուցադրությունը, գովազդ, մարդու աչքը չպետք է խանութում տեսնի ծխախոտի վաճառք եւ գովազդ:
«Ծխելը թարգել պատրաստվող» Արարատ Միրզոյանն էլ հետաքրքրվեց, թե մասնագիտացված ծխատոտի խանութներում ո՞նց է իրականացվում վաճառքը, վարչապետն ասաց, թե կապ չունի՝ որտեղ է:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մարտի 15-ից ուժի մեջ է մտնում հանրային սննդի եւ բաց, եւ փակ վայրերում ծխելու արգելքը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ ծխելու արգելքի կանոններն արդեն իսկ ուժի մեջ են մտնել բժշկական հաստատություններում կամ աշխատանքի վայրում: Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից՝ սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից կա մահացության բավական բարձր բեռ ու այս բոլոր սահմանափակումներն ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն ու երեխաներին պաշտպանելուն: