ArmLur.am-ը գրում է․

Մարտի 15-ից ուժի մեջ կմտնի բաց և փակ ռեստորաններում, բարերում, սննդի այլ կետերում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, աշխատանքային այլ փակ տարածքներում բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելքը։ Օրենքով նախատեսված նորմերը խախտող անձինք կենթարկվեն պատասխանատվության։

Ի դեպ, տեղեկացնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում օրենքով արգելվել է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ Բացառություն են օդանավակայանների անմաքս առևտրի խանութները։ Նշենք, որ ծխախոտի հրապարակային վաճառքի արգելքի պահպանմանը հետևելու են տեսչական մարմինները: Օրենքի պահանջները չկատարելու դեպքում տնտեսվարողները կարող են տուգանվել 200 000-ից 250 000 դրամի չափով: Իսկ նույն խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափը կկրկնապատկվի: Սակայն մասնագետները կարծում են, որ դա կնվազեցնի ակնկալվող շահույթն ու վնաս կհասցնի տնտեսությանը:

Բայց մյուս կողմից, կառավարությունը պնդում է, որ Ռուսաստանում, Վրաստանում, Տաջիկստանում գործում են օրենքի հենց այս տարբերակները եւ սա կարող է էապես նպաստել ծխողների թվի կրճատմանը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հասարակական` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում, թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, օդային, վերգետնյա էլեկտրական տրանսպորտում, մետրոպոլիտենում, ջրային և երկաթուղային տրանսպորտում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` 50 հազար դրամի չափով:

Իսկ մասնավոր ավտոմեքենայի վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ կիսափակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի մայիսի 1-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել