Armeniasputnik.am-ը գրում է.
Կենդանաբանական այգու շուրջ իրարացումը չի դադարում` այժմ էլ ոստիկանությունը կենդանաբանական այգում կենդանիների թունավորման փորձի հետ կապված հաղորդում է ստացել։
Հայտնել էինք, որ հունվարի 31-ին այգու ներկա և նախկին աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին՝ բողոքելով կենդանիների թվի կրճատման դեմ։ Հայտնի է, որ այս տարի արդեն անգղներ են անկել, իսկ մինչ այդ այգու նախկին աշխատակիցները պարբերաբար հայտնում էին այս կամ այնկենդանու անկման մասին։
Եվ այսպես, Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ այգու իրավաբանը հայտնել է` հունվարի 22-23-ն ընկած ժամանակահատվածում այգում ուղտի և 2 կուլանների ազատավանդակներում անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել։ Ըստ հաղորդման` փորձել են թունավորել վերոհիշյալ կենդանիներին: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, նշանակել է փորձաքննություն։
Կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիանա Բրյանն էլ իր հերթին հայտնեց, որ, բարեբախտաբար, կենդանիները չեն տուժել։
«Կենդանիներն անվտանգ են, նրանց ոչինչ չի եղել` չեն կերել այդ հաբից»,–ասաց նա։
Ի դեպ, այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն ավելի ուշ Facebook–ի իր էջում գրառում արեց` անդրադառնալով այս թեմային։ Նրա խոսքով` առնետի թույն են փորձել լցնել ջրավազան, որից օգտվում են ուղտը և թուրքմենական կուլանները։

«Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը՝ այն է` կազմակերպել հերթական կենդանու թունավորումը նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար: Կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից»,–գրել է նա։

Մկրտչյանը հավելել է, որ վերջերս կազմակերպված ցույցերն էլ այս ամենի շարունակությունն են:
Հունվարի 31-ին բողոքի ակցիայի մասնակիցներից այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը, սակայն, կարծում է, որ այս ամենը պաշտպանողական բնույթ է կրում` ուզում են այգու շուրջ աղմուկից շեղել։
«Հարցն այն է, որ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի դեմ հիմնավորված բողոքներ կան, քանի որ նա գլուխ չի հանում գործից։ Աուդիտ է եղել, և շուտով բոլոր հարցերի պատասխանը կլինի։ Սակայն այն, որ կենդանիները սոված են պահվել, փաստ է։ Հիմա նման բաներ են անում հանրության ուշադրությունը շեղելու համար»,–ասում է Ռաֆայելյանը։
Նա նշում է` թունավորման դեպքեր եղել են այգում. 2011-ին, երբ նա դեռ այգու անասնաբույժն էր, գայլերի ձագերի անկում է գրանցվել։
Ռաֆայելյանի խոսքով` տնօրենությունն ասում էր, որ վիրուսային հիվանդություն է, սակայն ակնհայտ թունավորում էր. փորձում էին թաքցնել թունավորման փասը, որպեսզի Ռաֆայելյանին աշխատանքից ազատեն աշխատանքային պարտականությունները լավ չկատարելու համար։ Սակայն, ըստ Ռաֆայելյանի, իր միջոցներով դատաբժշկական փորձաքննություն է իրականացրել և ապացուցել, որ կենդանիները թունավորվել են։

«Շատ հեշտ է ամեն ինչ պարզելը։ Ամեն դեպքում, երբ ես աշխատում էի այգում, ողջ տարածքում` անգամ մեր աշխատասենյակներում, տեսախցիկներ կային։ Չեմ կարծում, որ ներսում աշխատող մեկը դա կանի, իսկ եթե դա լինի այցելու, ապա այգի օրական 5 մարդ է գնում, այնպես որ, ամեն ինչ պարզելը շատ հեշտ է»,–ասում է Ռաֆայելյանը և հավելում` հարցն այն է, որ Արևիկ Մկրտչյանը «կիլոմետրերով հեռու» է այգուց, նա մասնագիտությամբ ճարտարապետ է։

Ռաֆայելյանը հավելեց, որ աշխատակիցների 25 տոկոսը, որոնք դուրս էին եկել տնօրենի ԺՊ–ի դեմ, ազատվել են աշխատանքից։
Հիշեցնենք՝ դեռ 2019 թ-ին այգու շուրջ բազմաթիվ սկանդալներ եղան՝ կապված տարօրինակ հանգամանքներում կենդանիների անկման հետ։ Նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հեռացվեց աշխատանքից, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արևիկ Մկրտչյանը։
Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականին։ Կապիտալ շինարարությունը սկսվել է 1941-1945 թթ.։ Այդ ժամանակ կար 32 տեսակի և 179 գլուխ կենդանի, այսօր կենդանիների թիվն անցնում է 2700-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել