Մարդու օրգանիզմը յուրահատուկ կառուցվածք է, նրա ամենօրյա գործունեությունն ապահովվում է փոխկապակցված մեխանիզմների մի ամբողջ համակարգի կողմից: Իսկ որպեսզի այդ գործունեությունը լինի անխափան, պետք է օրգանիզմի մշտական սնուցում` քուն: Այսինքն` մի վիճակ, որի ընթացքում վերականգնվում են էներգիայի պաշարները, և օրգանիզմն ազատվում է կենսագործունեության ավելորդ նյութերից:
Քնի ժամանակ օրգանիզմի կենսաապահովման բոլոր համակարգերի աշխատանքը դանդաղում է` նյութափոխանակությունը հասնում է ակտիվության ամենացածր աստիճանին, արյան ճնշումն ընկնում է, սրտի զարկերի հաճախությունը նվազում է, նյարդային համակարգի զգայունությունը լույսի, ձայնի և նույնիսկ ցավի նկատմամբ` թուլանում, երբեմն խախտվում է նաև շնչառության բնականոն ռիթմը: Բացի դրանից որոշ գիտնականներ պնդում են, որ մեր ուղեղն օգտագործում է քնի ժամանակահատվածը ավելորդ էլեկտրականությունից ազատման և հիշողության համակարգի մաքրման համար:
Ըստ վիճակագրության` նորածինը միջին հաշվով քնում է օրական 20 ժամ, որը, որպես կանոն, բաժանվում է կերակրման ընդմիջումով բաժանվող 3-4 մասի: Տարիքի հետ մեծանում է երեխայի ստամոքսը, հետևաբար` նաև կերակրման ժամանակը, և քնին հատկացվող ժամանակը աստիճանաբար պակասում է: Արդեն 1 տարեկան երեխան քնում է 12 ժամ գիշերը և միայն մի քանի ժամ ցերեկը: Հասուն մարդը քնում է միջինը 8 ժամ: Բայց մեր կյանքի ռիթմը մեզ այլ բան է թելադրում, մենք պարզապես երազում ենք այդ 8 ժամ քնի մասին և չենք էլ հիշում վերջին անգամ երբ ենք կատարել ամեն առավոտ տրվող խոստումը, որ «այսօր մի քիչ շուտ եմ պառկելու քնելու»:
Եվ հատուկ մեզ նման քիչ քնող, բայց ամբողջ օրը բարձի մասին երազող մարդկանց համար էլ հոգեբանները մի հետաքրքիր մեթոդիկա են մշակել` արագ քնի մեթոդիկա: 4-5 ժամ քնելով թարմ լինելու և քնից հագենալու համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնների`
1. Նախքան քնելը պետք է թուլանալ ու հանգստանալ
Քնելուց առաջ չի կարելի օրվա հոգսերի մասին մտածել, մտքում հաշվարկել վաղվա անելիքները: Մոռացեք ամեն ինչ, 10-15 րոպե թուլացեք, մտածեք հաճելի բաների մասին, հանգիստ երաժշտություն լսեք:
2. Մի ծանրաբեռնեք ստամոքսը
Քնելուց առաջ 3-4 ժամ չի կարելի դժվարամարս սնունդ ընդունել, և ընդհանրապես ցանկալի է ոչինչ չուտել: Ալյապես ամբողջ գիշեր ձեր օրգանիզմը ոչ թե հաջորդ օրվա համար էներգիա է հավաքելու, այլ «տանջվելու» է սնունդը մարսելու վրա:
3. Գիշերազգեստը պետք է ազատ լինի
Քնելու հագուստը չպետք է կաշկանդի ձեր շարժումները, չափազանց նեղ ու ձիգ լինի: Այն պետք է լինի բնական կտորից, թեթև, շնչող ու ազատ: Ինչպես նաև քնելուց առաջ հանեք բոլոր աքսեսուարները` ժամացույց, վզնոց, մատանի, ականջօղեր...
4. Քնելուց առաջ տաք ցնցուղ ընդունեք
Սառը խորհուրդ չի տրվում, քանի որ սառը ջուրը թարմացնում է: Քնելուց առաջ ցանկալի է ցնցուղ ընդունել, իսկ եթե դա հնարավոր չէ անել, անպայման լվացվեք, աղջիկները պետք է մաքրեն դիմահարդարումը: Ջուրը իր հետ տանում է օրվա ողջ բացասականը և ձեր մարմինը թուլացնելով պատրաստում քնի:
5. Քնեք տաք ծածկոցի տաք
Ցրտին մարդը ավելի դժվար է քնում:
6. Պառկեք քնելու մինչև 00:00-ն
Այդ ժամերին մարդու օրգանիզմը ամենից լավ է պատրաստ հանգստանալու: Հիշեք` կեսգիշերից հետո 2 ժամ քունը հավասար է կեսգիշերից առաջ 1 ժամվան :)
7. Շաբաթվա մեջ մեկ օր ունեցեք «մի քիչ ավել քնելու» համար
Եթե աշխատում եք, ապա այդ օրը թող լինի կիրակին, թույլ տվեք ձեզ այդ հաճույքը, գոնե մեկ օր արթնացեք առանց զարթուցիչի:



