Դեկտեմբերի 19-ին կայանալու է «Մանկական Եվրատեսիլը», մեկ տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին մասնակցում է մրցույթին: Blognews.am-ը  զրուցել է երգահան Լիլիթ Նավասարդյանի հետ, ով «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան մրցույթի շատ պատվիրակների երգերի հեղինակն է:

-Ինչպե՞ս սկսեցիք «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակները համար երգեր գրել:

-Ամեն ինչ սկսվեց բազմաշնորհ Արամի և Գարիկի հետ “Not Alone” երգի ստեղծումից։ Երբ երգը ծնվեց, դեռ խոսք չէր գնում Արամի՝ «Եվրատեսիլին» մասնակցության մասին։ Հետո երբ արդեն երգն էր ընտրվում, բազմաթիվ երգերի միջից Հանրայինի ընտրությունն ի վերջո կանգնեց հենց այս երգի վրա։ Դրանից հետո ամեն տարի Հանրայինն առաջարկել է երգ ներկայացնել մրցույթին, թվով 4 անգամ ընտրվել է իմ մեղեդին՝ իմ գործիքավորմամբ։ 2015-ին Միկա («Մանկական Եվրատեսիլ»), 2016-ին՝ Իվետա Մուկուչյան, 2017 թ.-ին՝ Արծվիկ Հարությունյան։

-Ի՞նչ կասեք այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» պատվիրակ Մալենայի մասին:

-Ես շատ մեծ սպասելիքներ ունեմ «Մանկական Եվրատեսիլի» այս տարվա մասնակցից: Լավ երգ է և տաղանդավոր աղջիկ է: Հաջողություն եմ մաղթում մեր թիմին։

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է  այս մրցույթի շրջանակներում Ձեր ամենաստացված աշխատանքը:

- Դեռ չենք հաղթել, ստացված կլինի, երբ հաղթենք, չնայած դա բազում այլ հանգամանքներից է կախված:

 -Ինչո՞ւ չենք ունենում հաջողություն, շատ լոկա՞լ ենք մտածում, միգուցե անդադար փորձում ենք մեր հայկականը փաթաթել եվրոպացիների վզի՞ն:

-Կարծում եմ՝ դեռ չենք կարողանում երգն ու բեմադրությունը ներկայացնել բարձր մակարդակի վրա, որ դրանից որևէ մեկը չտուժի: Երբ հայկականությունը ևս ինքնանպատակ ու արհեստական կցվում է, իհարկե, անտեղի է, բայց միշտ կարելի է օրգանիկ լուծումներ գտնել։ Կարծում եմ, որ օրինակ՝ Արամ Խաչատրյանի կամ Ավետ Տերտերյանի հանճարեղությունը հենց դրա մեջ է նաև ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է պինդ պահել անհատականությունը՝ իր բոլոր դրսևորումներով։ Այդ պահին քո ներկայացրած «փաթեթին» պետք է անվերապահորեն հավատան և ներշնչվեն դրանից։

-Այլ երկրների ներկայացուցիչների համար մտածե՞լ եք երգ գրել, ընդունված փորձ է՝ հատկապես դրսում:

- Մտածել եմ , բայց դեռ չեմ իրագործել (ժպտում է):

-Շատերը պնդում են, որ  պետք է հրաժարվել, անլուրջ մրցույթ է: Դուք ի՞նչ կասեք:

Հրաժարվել միշտ էլ կարող ենք, բայց դա բազմամիլիոնանոց լսարան ունեցող հարթակ է, որտեղ ճանաչելի ենք դարձնում մեր հայրենիքը, և չնայած նրան, որ դեռ չենք հաղթել, միևնույն է, Հայաստանը շատ տպավորիչ և հիշարժան ելույթներ է ունեցել ։ Բացի դրանից՝ դա ահռելի փորձ է Հայաստանը ներկայացնող բոլոր արտիստների համար ։ Այնտեղ պրոֆեսիոնալների շատ մեծ թիմ է աշխատում ։ Եվ այդ փորձառությունը անհնար է ունենալ Հայաստանի կամ տարածաշրջանի որևէ այլ մրցույթում:

 

 -Ինչպիսի՞ երգ կարող է հաղթել, ո՞ւմ եք տեսնում տվյալ բեմում:

-Եթե չունես լավ երգ, չունես ոչինչ , բայց լավ երգը գործի սկիզբն է, փոքր տոկոսը։ Ամբողջական փաթեթավորումը պետք է շատ օրգանիկ լինի։ Դժվար է ֆորմուլա ասել, թե ինչպիսի երգ, բայց պետք է առանձնանալ ու հիշվել իրար հետևից հնչող տասնյակ երգերի մեջ։ Հետաքրքիր արտիստներ ունենք, բայց շատերին իսկապես նման մեծ բեմերի փորձն է պակասում։ Ամուր նյարդեր են պետք, շատ անգամ արդեն վերջին օրերին արտիստների նյարդերը տեղի են տալիս, ու դա բերում է անցանկալի հետևանքների։ Ես շատ եմ կարևորում նախապես արված շատ մանրակրկիտ և հետևողական աշխատանքը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել