Այսօր կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի իրավիճակին և ասաց, որ թեև իրավիճակի մեղմացում կա, բայց նոր շտամ է հայտնաբերվել։
«Նոր շտամ է հայտնաբերվել՝ «Օմիկրոն» անվանված, որը դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել, չի եղել դրանով վարակված որևէ քաղաքացի, բայց դեռևս հստակ չէ, թե ինչ ազդեցություններ կարող է այն ունենալ, ինչպիսի ծանրությամբ մարդիկ այն կտանեն, և պարզ չէ, թե ինչպիսին կլինի պատվաստանյութերի ազդեցությունը, դրա համար առաջիկայում չպետք է թուլացնենք մեր զգոնությունը, մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն շոշափելի արդյունքներ կան՝ պատվաստման հետ կապված, և երկու պատվաստում ստացածների թիվը մոտենում է հինգ հարյուր հազարի։ «Օրական հաջողվում է քսան հազարից ավելի պատվաստումներ իրականացնել»,–ասաց նա։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ եթե անգամ պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույն է, հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ միակ միջոցը՝ վիրուսի դեմ պայքարի հարցում։
Նա հայտնեց, որ 18 տարին լրացած քաղաքացիների 40 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 23,9 տոկոսը։