1in.am-ը գրում է.
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ սկսվել է Վոլոդյա Մուրադյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը 2012 թվականի դեկտեմբերի 4-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում Արարատ քաղաքի իր բնակարանի հյուրասենյակում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր փաստական կնոջ հետ և սպանելու դիտավորությամբ ձեռքերով, ինչպես նաև ապակե սկահակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Այնուհետև կնոջ մազերից քաշելով՝ Վոլոդյան նրան տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակներով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին: Գլխի ձախ կողմնային, ծոծրակային շրջանների սալջարդ վերքերի, ճակատի արյունազեղումների, գլխի փափուկ հյուսվածքների ներքին մակերեսի, գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի տարածուն արյունազեղումների, դեմքի, պարանոցի, իրանի, աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող ու չթափանցող վերքերի, զույգ թոքերի, լյարդի վնասվածքների, ներքին՝ 3400 մլ, և արտաքին արյունահոսությունների, ներքին օրգանների արտահայտված սակավարյունության, աջ բազկի արյունազեղման ձևով ամուսինը տուժողին պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ ու տեղում սպանել է նրան:
Վոլոդյա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Իրեղեն ապացույց է ճանաչվել խոհանոցային 3 դանակ: