Քնաթաթախ ու հոգնած ձայնով մեկը երեկ հեռուստաէկրանից փորձում էր համոզել, թե «Վանաձորն այսօր ծաղկում է ապրում»: Մինչդեռ տեղին կլիներ, եթե ասեր՝ Վանաձորում այսօր ծաղկում են ապրում աղբահանությունը, ապօրինությունը, ապօրինաշինությունն ու «ապօրինաշնությունը», բազմաչարչար կոռուպցիան ու կուսակցական կամ «ախպերվարական» հովանավորչությունը, անտերությունը, անհուսությունը... Հետաքրքիր է, «ծաղկող» քաղաքում փողոցներում թափված բոմժե՞ր են լինում կամ աղբ քրքրողներ... Քաղաքում գնալով ավելանում է աղբարկղերի «շահառուների» թիվը, մարդիկ ու շները հավասար հարթության վրա են գտնվում իրենց կարգավիճակով, իսկ հեռուստաէկրանից, որ պետք է ճշմարտախոսության եզակի ամբիոն լինի, հաղորդավարը, թե ռեպորտաժի հեղինակն առանց խղճի խայթի ասում է. «Վանաձորն այսօր ծաղկում է ապրում»: Հենց դրանից էլ սկսվում է մարդկանց արհամարհանքը հեռուստատեսության կամ մամուլի հանդեպ, քանի որ մարդիկ իրենց շուրջն այլ բան են տեսնում, իսկ հեռուստատեսությամբ հաճախ այլ բան է հնչում: Որպես այլընտրանք, այդ պահին հեռուստաալիքը փոխեցի «Շանթի» վրա, որտեղ «Վիտամին» երգիծական ակումբի տղաներն էին, ու մտածեցի, որ այդ միտքը լավագույն դեպքում «Վիտամինով» եթե հնչեր, մի լավ կծիծաղեինք, ոչ թե կզայրանայինք այնպես, ինչպես դրա նախորդ օրը զայրացանք ու մեծ ցավ ապրեցինք` հերթական անգամ ականատես լինելով հոգեկան հիվանդ մուրացիկի հերթական բացօթյա տվայտանքներին: Ամիսներ առաջ համացանցում ինչ-որ մեկը մանրամասն նկարագրել ու լուսանկարել էր վանաձորյան այդ թափառաշրջիկի առօրյայից մի հատված, թե ինչպես է մազ-մորուքի մեջ կորած, ցնցոտիավոր երիտասարդը շրջում ուսից կախ աղբի մնացորդների բազմաթիվ տոպրակներով, դրանցով հանգրվանում այս ու այն շենքի լուսամուտների տակ, այնտեղ քնում՝ անգամ ձմռանը, պետքերը հոգում հենց այդտեղ, կանանց ու աղջիկների ետեւից էլ անպարկեշտ ռեպլիկներ նետում, բարձրաձայն հայհոյում... Օգոստոսի 20-ին էլ վերջինս «հյուրընկալվել» էր «ծաղկող» քաղաքի Կ.Դեմիրճյան 28 շենքի լուսամուտների տակ եւ «Բինգո-Բոնգոյի» կարգավիճակում էր. դիմացի աղբարկղից հավաքած բազմաթիվ տոպրակները հավաքել էր շուրջը, ցաքուցրիվ տվել ու դրանց պարունակությամբ «մանրի» սնվում էր, «ձեռի հետ» էլ ռեպլիկներ նետում, անկապ ծիծաղում, ձեռքերը թափահարում եւ մատ թափ տալիս ... այդտեղ կայանած ասֆալտապատման մեքենայի ուղղությամբ, որի վարորդն ուղեւորվել էր ընդմիջման: Սա սովորական դարձած մի տեսարան էր «ծաղկող քաղաքի» առօրյայից, որի բնակչությունը վերջին 10 տարիներին կիսով չափ կրճատվել է, հոգեկան հիվանդների թիվն ավելացել, մահացությունները «երիտասարդացել», իսկ երիտասարդները բուհն ավարտելու պայմաններում անգամ նախընտրում են «փախչել» կամ Ռուսաստան, Ամերիկա՝ քեռիների ու «հոպարների» մոտ «փող աշխատելու», կամ մայրաքաղաք են ուղեւորվում, քանի որ այնտեղ սոցիալական վիճակը շատ ավելի մեղմ է, քան մարզերում, որոնք, ինչպես մի առիթով «ԱԼՄ» եթերից հնչեցրեց մի նախկին ՀԺԿ-ական, վերածվել են «բդեշխության»: Եթե մի 10-15 տարի առաջ, երբ քաղաքն ի վերջո սկսեց թոթափվել բազում տնակներից, ու փողոցներում լուսավորություն հայտնվեց ՝ մարդկանց մեջ հույս արթնացնելով, եւ ամառային երեկոներին փողոցներում զբոսնողների թիվը մեծ էր, ապա հիմա նրանց թիվն էլ է պակասել, եւ երեկոյան ժամերին փողոցներում ավելի շատ հարբած զազրախոսների կարելի է տեսնել, որոնց կեցվածքը որևէ պատկան մարմնի ամենեւին չի հուզում... Իսկ ցերեկային ժամերի աշխուժությունը միայն շուկայամերձ տարածքներում է՝ հարակից համայնքներից առեւտրի եկածների «հաշվին» եւս: Ենթադրվում է, թե «ծաղկող քաղաքի» մասին «առասպելը» որոշել էին հորինել այն բանից հետո, երբ համացանցում հոդված հայտնվեց, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վանաձորի քաղաքապետի աթոռի համար նոր թեկնածու է փնտրում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել