44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցին շատ բան կա ասելու, վերլուծելու, անելու, սակայն ամենակարևոր ասելիքն այն է, որ մենք պարզապես պարտավոր ենք ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում այն բոլոր արժեքների համար, որոնց համար էլ մեր տղաները գնացել են գիտակից ինքնազոհողության:
Այս մեկ տարին հայ ազգի համար լեցուն էր բազմաթիվ հակասական զգացողություններով ու գործողություններով, բայց ամենակարևորը կհամարեի արցախցիների վճռականությունը վերադառնալ Հայրենիք և երկարատև պայքարով ոտքի կանգնեցնել այն: Չնայած իրավիճակի ծանրությանը ու հոգեբանական դժվարություններին՝ ինչպես շատերը, ես էլ առաջին օրվանից լծվել եմ այդ սուրբ գործին՝ իմ բաժին խաչը վերցնելով գործադիր իշխանությունում պատասխանատվություն ստանձնելու միջոցով:
Հուսամ՝ առաջիկայում կհասցնեմ մի համապարփակ հոդվածով անդրադառնալ մեր ներկային ու ապագայի տեսլականին և անելիքներին, սակայն հակիրճ նշեմ այն հինգ հենասյուներն ու որակները, որոնց վրա պետք է կառուցենք Արցախի երկարաժամկետ ապագան:
• Հինգ հիմնական հենասյուները՝ կայուն անվտանգություն, աճող ժողովրդագրություն, զարգացող տնտեսություն, որակյալ կրթություն և արդյունավետ կառավարում:
• Հինգ հիմնական որակները, որոնցով պետք է առաջնորդվենք ազգովի՝ ինքնավերլուծություն, միասնականություն, հետևողականություն, ռազմավարական մտածողություն և ծառայողական մտածողություն:
Սուգն ավարտված է, և զոհված հերոսների հիշատակը հարգելու ու հավերժացնելու լավագույն ձևը նրանց դավանած արժեքներին անմնացորդ ծառայելն է: Մենք կարող և պարտավոր ենք ապահովել Արցախի հայկական ապագան և հասնել սեփական Հայրենիքում մեր իրավունքների, ազատությունների, արժեքների ու արժանապատվության անվերապահ ճանաչմանն ու հարգմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել