1in.am-ը գրում է.
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ընթանում է Ռաֆիկ Խաչատրյանի գործի դատավարությունը:
19-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը մեղադրվում է հարազատ հորեղբորը սպանելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2013 թվականի ապրիլի 3-ին, ժամը 21-ի սահմաններում Ռաֆիկը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, Արարատի մարզի Դվին գյուղի իր տան բակում վիճաբանել է հորեղբոր՝ Արտուշ Խաչատրյանի հետ:
Վիճաբանության ընթացքում Ռաֆիկն այնքան է տաքացել, որ իր մոտ եղած ծալովի դանակով կյանքից զրկելու դիտավորությամբ 15 հարված է հասցրել հորեղբոր մարմնի տարբեր մասերին և սպանել է նրան:
Ռաֆիկ Խաչատրյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել՝ սպանվածի ու սպանողի հագուստները, դանակը, արյան հետքերը, գարեջրի շիշը և օղու բաժակը. ընդամենը՝ 6 փաթեթ:
Ռաֆիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանավորումն է: