1in.am-ը գրում է.

Ռուս-ուկրաինական հարաբերություններում ակնհայտ «պատերազմ» է՝ մաքսային, տնտեսական: Օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա նշեց, որ նման «պատերազմներ» այս երկու երկրների միջև կանոնավոր կերպով տեղի են ունենում: 

«Պատճառն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային ներգրավել Մաքսային միություն: Ուկրաինան իրականում պետք է Ռուսաստանին, և կարծում եմ՝ Վիլնյուսում կստորագրի Ասոցիացիոն համաձայնագիրը, դրանից հետո, կարծում եմ, հարաբերություններն ինչ-որ չափով կկարգավորվեն»,- ասաց նա: Իսկանդարյանի խոսքերով՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու շուրջ խոսակցություններն անիմաստ են: Հայաստանն Ուկրաինա չէ. նա էականորեն այլ է, սահմանակից երկիր չէ: 

«Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե «համեղ պատառ» է, այլ՝ ծախսի աղբյուր: Հայաստանին ինտեգրելը կնշանակի խնամակալ դառնալ, իսկ Ուկրաինայի դեպքում ինտեգրումը նշանակում է օգուտ ստանալ»,- ասաց նա: Իսկանդարյանի խոսքերով՝ Հայաստանը Ռուսաստանի և Եվրոպայի միջև չէ. այս բոլոր պայմանների առկայության դեպքում համեմատությունն իմաստ կունենար: Քաղաքագետի համոզմամբ՝ մեզ Մաքսային միություն չեն էլ ընդգրկում, այս մասին խոսելը ոչ միայն պրոֆեսիոնալ չէ, այլև հակապրոֆեսիոնալ է:

Օգոստոսի 14-ից Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը դադարեցրել է ամբողջ ուկրաինական ներմուծումը: Ուկրաինայի գործատուների ֆեդերացիայի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ իրենք դիմել են վարչապետ Նիկոլայ Ազարովին՝ խնդրելով հնարավորինս շուտ օգնել միջկառավարական մակարդակով խնդիրների լուծմանը, որոնք սկսել են առաջանալ ուկրաինական արտադրանք արտահանող ձեռնարկությունների համար ռուսական մաքսային ծառայությունում: Ֆեդերացիայում նշել են, որ «Ռոշենի» դեմ պատժամիջոցներով գործը չի սահմանափակվել: Ուկրաինացի արտահանողների համար Ռուսաստանի մաքսատանը սկսել են խնդիրներ առաջանալ դեռ հուլիսի 20-ից հետո, արտահանումը դադարեցվել է անորոշ ժամկետով: 

Ֆեդերացիայի կանխատեսումներով՝ Ուկրաինայի կորուստները՝ կախված իրադարձությունների զարգացումից, միայն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում կկազմեն 2-2.5 միլիարդ դոլար և ՀՆԱ-ի 1.5 տոկոսով կրճատման պատճառ կդառնան: Ֆեդերացիայի խորհրդի ղեկավարն օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել