«Եռաբլուրում» այսօր՝ նոյեմբերի 7-ին, Արցախի նախագահի հրամանագրով, ՊԲ փոխհրամանատար Հովհաննես Ավագյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ 

Գնդապետ Ավագյանի առաջին տարելիցի հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, ՊՆ նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, նրա ընտանիքի անդամներն ու հարազատները։ 

Հովհաննես Ավագյանը պատերազմի առաջին օրից եղել է թեժ կետերում՝ զորքի կողքին, նա զոհվել է Շուշիում, հրադադարի ստորագրումից երկու օր առաջ։           

   «Գնդապետ Ավագյանին ճանաչում եմ երկու տասնամյակ, իսկ վերջին տարիներին մտերիմ ընկերներ էինք: Կիրթ, ազնիվ, ընկերասեր, հայրենասեր անձնավորություն էր», - իր ելույթում նշեց ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը՝ հավելելով, որ Հովհաննես Ավագյանի ծառայությունը, մարտական ուղին հերոսական էր։ 

   Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հովհաննես Ավագյանն այն զինվորականն էր, որից միշտ կարելի է օրինակ վերցնել։

 «Գնդապետ Ավագյանը հրամանատարական մեծ վարպետություն, գիտելիքներ ուներ։ Իհարկե, նաև մարդկային վսեմ հատկանիշներ ուներ, նրա համար անձնակազմի հետ հարաբերությունների սկզբունքը, նրանց անձնական արժանապատվության, հարգանքի, հոգատարության հետ միասին համադրված էր, այսինքն՝ նա զինվորի հետ զինվոր էր, հրամանատարի հետ հրամանատար»,- ասաց Սեյրան Օհանյանը։       

    Հովհաննես Ավագյանին հրամանան են տվել՝ Շուշի գնալ։ Տարեսկզբին, նրա ավագ դուստրը՝ Նելլին, NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ երբ հրաման է նրան տրվել Շուշի գնալ, այն արդեն ադրբեջանական վերահսկողության ներքո էր։ 

«Նոյեմբերի 6-ին ինքը Շուշի է բարձրացել, իրեն ասել են, որ վիրավորներ կան, պետք է իջեցնել, հայրս չի մերժել, բայց զարմացել է, թե ի՞նքն է վիրավոր իջեցնողը, դրա համար կան հատուկ մարմիններ, բայց գնացել է, օգնել, փրկել: Ինձ պատմել են, որ հայրս այդ օրը Շուշիում է մնացել, հետո իջել են, բայց նորից ասել, որ պիտի բարձրանան, վարորդն ասել է, թե Շուշին վերցրած է, ինչի՞ ենք գնում, էդտեղ նաեւ տասնյակից ավելի ոստիկանների էին արդեն սպանել, հայրս իմացել է այդ ամենի մասին, բայց ասել է՝ ինձ հրաման է տրված, ես պիտի հրամանը կատարեմ, էդպես բարձրացել է ու դեպքը տեղի է ունեցել»,- պատմել էր Նելլին։           

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել