1in.am-ը գրում է.
«Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը լրագրողների հետ խոսեց սպառողական շուկայում առկա խնդիրների, դրանց մեղավորների և լուծման մեխանիզմների մասին:
Նա անդրադարձավ պարենային ապրանքներին, ոչ պարենային ապրանքներին, տրանսպորտի գնի հետ կապված խնդրին:
«Կամայականությունների կիրառման ամենավառ ապացույցը տրանսպորտի ոլորտում է: Անհիմն 150 դրամ, հետո նույն որոշման ժամանակավորապես կասեցում, առանց որևէ մեկնաբանություն տալու, առանց որևէ հերքում տալու այն հիմնավորումներին, որոնք ներկայացվեցին, որովհետև քաղաքացիական պահանջը միայն 100 դրամը չէր, որովհետև եթե 100 դրամ լիներ, կարող էինք պահանջ ներկայացնել, որ պետությունը սուբսիդավորեր»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Նրա կարծիքով` այստեղ խնդիրն այն էր, որ պետք է լիներ 100 դրամ, որովհետև միևնույն է՝ գերշահույթ են ստանում երթուղիները շահագործող կազմակերպությունները:
«Հանրային լսումները, որոնք իբր թե պետք է կազմակերպվեն, հերթական անգամ ոչ մի կապ չունեն իրական հանրային լսումների հետ, որովհետև մենք ունենք 2010 թ. ընդունված հանրային լսումներ անցկացնելու կարգ, իսկ քննարկումը չի համապատասխանում այդ կարգին: Հիմա ով ինչ ուզի` պետք է անի՞: Սկզբում ուղարկել էին, որ համաձայն կարգի` ով ցանկանա, կարող է մասնակցել այդ քննարկումներին, հիմա մեզ նամակ են ուղարկել, որ կքննարկենք ձեր հարցը և հետագայում կտեղեկացնենք»,- ասաց «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի նախագահը:
Ապրանքների գներին անդրադառնալով` Բաբկեն Պիպոյանն ասաց, որ դրանք օր օրի աճում են: Ըստ նրա` դրոշմակնիքների խնդիրն առաջին հայացքից թվում էր` դրական քայլ է, երկու-երեք դրամի ավելացումով ստվերից դուրս էր գալիս ըմպելիքների շուկան, հետո էլ վերադարձվելու էր տնտեսվարողին այդ երկու-երեք դրամը, սակայն արդյունքում 30-50 դրամով թանկացան:
«Թանկացել է գարեջուրը 20-40 դրամով, թանկացել են գազավորված որոշ ըմպելիքներ, որոշ սուրճեր: Նման բան եղավ, երբ փորձեցին ատամնաբուժարանները ստվերից դուրս բերել, արդյունքում` երկու-երեք հազար դրամ ավել է վճարում սպառողն ատամնաբույժին: Սիրողական մակարդակի գործընթացից տուժում է սպառողը»,- ասաց Բաբկեն Պիպոյանը: