Lurer.com-ը գրում է.

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի ծննդյան օրն է: Կարծում եմ՝ պատեհ առիթ է հետադարձ հայացք նետելու նրա գործունեությանը, գնահատելու այն դերն ու նշանակությունը, որ նա ունեցավ հայ եկեղեցու կենսագործունեության հարցում: Գարեգին Բ-ն Հայոց եկեղեցու գահին բազմեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում, պետության համար դժնդակ այդ օրերին և, ցավոք, նրա կառավարման շրջանը նույնքան դժնդակ ու ինտրիգներով լեցուն էր, որը հարիր էր որևէ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, բայց ոչ երբեք եկեղեցական կառույցի: Նորընծա կաթողիկոսի օրոք եկեղեցին, բացի հոգևորից, իրականացրեց ցանկացած տիպի գործառույթ: Գարեգին Բ-ն դարձավ ավելի շուտ հայ եկեղեցու մենեջերը, դուրս եկավ հոգևոր առաջնորդի շրջանակներից: Բազմաթիվ բիզնեսներ, ընդհուպ երթուղային գծեր, կապվում են կաթողիկոսի անվան հետ: Տեղեկություններ կան, որ կաթողիկոսն անձամբ է վերահսկում ներեկեղեցական ամբողջ շինարարությունը: Մամուլում բազմաթիվ մութ պատմություններ հրապարակվեցին՝ կապված այդ շինարարությունների ֆինանսական կողմի հետ:

Այս տարիներին եկեղեցին ինքը սկսեց զբաղվել բիզնես - գործունեությամբ: Անգամ պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցին հայկական բանկերից մեկի տաս տոկոս փայատերն է: Որևէ աղերս չե՞ք տեսնում պատմությունից հայտնի եկեղեցական տասանորդի և վերոհիշյալ տաս տոկոս փայաբաժնի միջև:

Հատուկ ուշադրության է արժանի Գարեգին Բ-ի օրոք արքեպիսկոպոսների վարքը: Թարմ օրինակ՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օֆշորային «կայֆերը»: Հոգևոր գործունեության ինչպիսի՞ հուզիչ օրինակ:

Ինչևէ, չծանրաբեռնենք նորին սրբության ծննդյան օրը զանազան «մութ» պատմություններով: Շնորհավորենք և մաղթենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն այսուհետև լինի իսկապես հայությանը համախմբող հոգևոր առաջնորդ: Մենեջերներ Հայաստանում շատ կան, իսկ բիզնեսները առանց աստվածային օրհնության էլ յոլա կգնան...

Վարուժան Բաբաջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել