Lragir.am-ը գրում է.

Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանը երեկ հանդիպել է Ներազգային ազատագրական շարժման ներկայացուցիչների հետ եւ քննարկել ուսման վճարների հարցը: Նա փաստացի արդարացրել է վճարների բարձրացումը, ասելով, որ տարեցտարի դիմորդների թիվը կրճատվում է, իսկ համալսարանները պետք է ապրեն: Նա ասել է նաեւ, որ լինելու են որոշակի արտոնություններ սոցիալապես անապահով ուսանողների համար:

 Ժամանակին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր, թե կառավարության առաջնահերթությունների մեկը կրթութայն մատչելիությունն է: Նա ասում էր, որ ամենամեծ արժեքը մարդն է ու նրա ինտելեկտը, եւ կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի ինտելեկտուալ մարդն ունենա զարգանալու հնարավորություն:

 Ուսման վճարների թանկացումը հակասում է հռչակված առաջնահերթությանը, որովհետեւ ուղղված է ոչ թե ինտելեկտի պաշտպանությանը, այլ պայմանավորված է քաղաքացիների գրպանը մտնելու կառավարության մշտական ցանկությամբ: Եթե գազի ու սննդամթերքի թանկացումը ինչ որ տեղ կարելի է հիմնավորել, ուսման վճարների բարձրացումը չունի որեւէ ֆինանսական հիմնավորում: Դա ընդամենը ռեկտի հերթական փորձ է:

 Ուսանողները կարծես թե վճռական են տրամադրված: Նախարարի հետ հանդիպումից հետո հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, սեպտեմբերին ուսանողները դասադուլ կսկսեն:

 Քաղաքացիներից պերմանենտ փող հավաքելու կառավարության քաղաքականությունը բախվել է քաղաքացիների դատարկ գրպաններին ու վճարելու ցանկության բացակայությանը: Առավել եւս, որ Հայաստանում գնագոյացման սկզբունքները վայրի են, դրանք պարզապես չկան՝ յուրաքանչյուրն իր ոլորտում գին է բարձրացնում ըստ իր հայեցողության: «Լիբերալ» պետությունը չի միջամտում այդ գործընթացներին, գին սահմանողներին թույլ տալով հարստանալ քաղաքացիների հաշվին:

 Արմեն Աշոտյանն ասել է, որ իր նախարարությունն առաջարկում է օրենքի նախագիծ, որով կսահմանվի ուսման վճարների վերին շեմը: Նման շեմեր անհրաժեշտ են բոլոր ոլորտներում, այդ թվում ներկրումների, եւ եթե Աշոտյանի առաջարկն ընդունվի, դա կարող է նախադեպ դառնալ եւ դրական հետեւանքներ ունենալ:

 Սակայն, դժվար թե խորհրդարանը ցանկանա տրորել բիզնեսմենների ոտքը, որոնք հիմնականում նստած են հենց խորհրդարանում: Ըստ ամենայնի, շեմը չեն ընդունի, եւ ուսանողները, ինչպես շատ երկրներում, իրենց վրա կվերցնեն հեղափոխական դերը: Հայաստանը կարող է փոխել միայն երիտասարդության եռանդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել