Epress.am-ը գրում է.
Այսօր առավոտվանից Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ պայքարող բնակիչներին և նրանց աջակցող ակտիվիստներից մի քանիսին հաջողվել է ներխուժել շինհրապարակ և դադարեցնել շինարարությունը: Ոստիկանները փորձել են ակտիվորեն խանգարել մարդկանց՝ հրել են, քաշքշել են նրանց: Մի մասին բռնի ուժով դուրս են նետել շինհրապարակից, սակայն մոտ մեկ տասնյակ մարդիկ կարողացել են մնալ շինարարության վայրում:
Շինհրապարակ ներխուժելուց առաջ բնակիչները օրվա ընթացքում երկրորդ անգամ մի քանի րոպեով փակել են Կոմիտասի պողոտան: Ոստիկաններն այստեղ էլ փորձել են մարդկանց դուրս մղել փողոցի երթևեկելի հատվածից՝ այդ ընթացքում հրելով ու քաշքշելով երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին:
17:21 Կոմիտաս 5 հասցեում շինարարությունը վերսկվելուց հետո բնակիչները ու նրանց միացած մեկ տասնյակ ակտիվիստներ, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանը, Անի Կաղինյանը, Եղիա Ներսիսյանը, Հասմիկ Լալայանը, կրկին փակել են Կոմիտասի պողոտան: Մինչ ոստիկանները փորձել են խանգարել նրանց, բնակիչների և ակտիվիստների մյուս մասը ներխուժել են շինհրապարակ: Ոստիկանները սկսել են հրել ու քաշել մարդկանց, սակայն նրանք կարողացել են ամրապնդվել շինհրապարակում և «գրավել» հող փորող տրակտորը: Այժմ մի քանի ակտիվիստներ բարձրացել են տրակտորի վրա՝ հայտարարելով, որ կգիշերեն այնտեղ: Նրանք պատրաստ են լքել շինարարության տարածքը միայն այն դեպքում, եթե շինտեխնիկան հանեն շինհրապարակից:
16:48 Տիգրան Խզմալյանին ազատ են արձակել ոստիկանության բանից և նա վերադարձել է Կոմիտաս 5, որտեղ վերսկսվել է շինարարությունը: Ոստիկանները հսկում են տարածքը՝ թույլ չտալով բնակիչներին մոտենալ շինհրապարակին:
15:45 Տիգրան Խզմալյանին տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կազմում են վարչական իրավախախտման մասին արձանագրություն, Epress.am-ին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը: Վերջինիս խոսքով՝ արձանագրությունը կազմելուց հետո Խզմալյանին ազատ կարձակեն:
15:30 Բնակիչներից մեկը պատմել է Epress.am-ի թղթակցին, որ Անուշավան անունով ակտիվիստներից մեկը, ով նույնպես մտել էր շինարարության տարածք, կտրել է երակները: Մոտ մեկ ժամ առաջ Անուշավանը զգուշացրել էր, որ նման քայլի կդմի, եթե շինտեխնիկան չհեռացվի տարածքից: Երբ դա չի արվել, Անուշավանը կտրել է աջ ձեռքի երակները և հայտարարել, որ եթե Տիգրան Խզմալյանին ազատ չարձակեն, ապա նա կկտրի նաև ձախ ձեռքի երակները: Ակտիվիստներին հաջողվել է համոզել Անուշավանին դուրս գալ շինարարության տարածքից, նրա ձեռքը վիրակապել են, որից հետո հիվանդանոց են տեղափոխել:
13:30 Շենքի բնակիչները և նրանց միացած մի քանի քաղաքացիական ակտիվիստներ մուտք էին գործել շինարարության տարածք և կանգնել ցանկապատի մոտ՝ թույլ չտալով, որպեսզի շինարարները վերսկսեն աշխատանքները: Ոստիկանները պահանջել են հեռանալ տվյալ վայրից, սակայն ռեժիսոր, ակտիվիստ Տիգրան Խզմալյանը հայտարարել է, որ իրենք դա կանեն նրանից հետո, երբ շինարարական տեխնիկան դուրս կբերվի: Epress.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ոստիկանները և նրանց միացած ԱԻ նախարարության մի քանի փրկարարներ մոտեցել են Խզմալյանին, նրան բռնի ուժով հեռացրել են տարածքից, որից հետո մտցրել են ոստիկանական մեքենան և տարել ոստիկանության Արաբկիրի բաժին: Զայրացած բնակիչները մի քանի րոպեով փակել են Կոմիտասի պողոտան, խցանում է սկսել: 13:40-ի դրությամբ փողոցը բացել են, սակայն բնակիչներն ու ակտիվիստները հայտարարում են, որ թույլ չեն տալու, որպեսզի շինարարությունը վերսկվի:
12:30 Այսօր առավոտյան 06:00-ի սահմաններում վերսկսվել է Կոմիտաս 5 հասցեում կառուցվող շենքի շինարարությունը: Այն դադարեցվել էր նախորդ շաբաթ հարակից շենքերի բնակիչներիբողոքներից հետո:
Շինարարությունը վերսկսելուց հետո բակում մոտ 100 բնակիչներ են հավաքվել, ովքեր թույլ չեն տվել շինարարներին շարունակել աշխատանքները: Այս պահին մոտ երկու տասնյակ բնակիչներ շարունակում են մնալ բակում, դեպքի վայր են ժամանել նաև ոստիկաններ, ովքեր շրջապատել են շինարարության վայրը: Շինարարությունը դեռևս չի վերսկվել: Բանկիչները հայտարարել են, որ թույլ չեն տալու շինարարության վերսկսումը մինչև քաղաքապետարանը նոր կառուցվող շենքի վերաբերյալ որոշում կայացնի: Այդ որոշումը սպասվում է 30 օրից հետո:
Հիշեցնենք, որ նոր շենքի կառուցումը կասեցնելու համար բնակիչները դիմել էին վարչական դատարան երեք տարի առաջ: Դատավոր Կարինե Բաղդասարյանը բավարարել էր պահանջը և արգելել էր շենքի կառուցումը: Սակայն սեփականատեր Էդգար Քեշիշյանը հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ ասելով, որ շենքի կառուցման համար ինքը 40 հազար դոլար վարկ է վերցրել և այժմ, քանի որ «բնակիչների մեղքով» կորցրել է այդ գումարը, բնակիչները պետք է փոխհատուցեն այն:
Նույն դատավոր Կարինե Բաղդասարյանը բավարարել է հակընդդեմ հայցը՝ որոշելով, որ բնակիչների չվճարելու դեպքում շենքը կառուցելու արգելքը կհանվի: Վճիռը բնակիչները բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, գործը դատական փուլում է:
Բնակիչները պահանջ էին դրել շենքի կառուցման դեպքում չտեղափոխել բակում գտնվող ենթակայանը: Բացի դա, նրանք համաձայնել էին նոր բնակելիի կառուցմանը, եթե այն չլիներ 5 հարկից բարձր:
Նախորդ շաբաթ բնակիչները վերսկսել էին բողոքը, քանի որ իրենց պայմանները խախտվել են. ենթակայանը տեղափոխել են շենքերին շատ մոտ, իսկ նոր շենքը կառուցելու են Կոմիտաս 7 հասցեում գտնվող շենքից կես մետր հեռավորության վրա: Բացի դա, շինարարության համար կտրվել են տարածքի պտղատու ծառերը, իսկ բնակիչները մտահոգություն ունեն, որ շենքը չի լինի 5 հարկանի, քանի որ փակցված նկարի վրա 11 հարկ է նկարված:
Օրվա ընթացքում տեղի ունեցածը Epress.am-ի երկու տեսանյութերում