Epress.am-ը գրում է.
Բրեստում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել բելառուսցիների ու հայերի միջև, որի ժամանակ մարդ է մահացել: Ծեծկռտուքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին՝ Մուխավեց գետի կամրջի մոտ գտնվող փրկարարական կայանում: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկի՝ Եվգենիի (լուսանկարում) դին հայտնաբերել են օգոստոսի 20-ին՝ գետում՝ հակառակ ափից մի քանի մետր հեռավորության վրա:
Ինչպես «Տելեգրաֆ» գործակալությանը պատմել է «Դինամո Բրեստ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկը՝ Ալեքսանդր Վոլկովը, օգոստոսի 17-ին Բրեստի գիշերային ակումբներից մեկում հայերը, ովքեր, ինչպես հետագայում պարզվել է, Ռուսաստանի քաղաքացիներ են, բախում են հրահրել տեղի բնակիչների հետ: Կռիվը շարունակվել է հաջորդ օրը՝ փրկարարական կայանում: Հանդիպմանը եկել էին շուրջ 15 տեղացիներ ու Բրեստի հայկական սփյուռքի մոտ 60 ներկայացուցիչներ: Ականատեսի խոսքով՝ հայերը զինված էին սառը և տրավմատիկ զենքով:
Ուժերը անբհամաչափ են եղել, ու երկրպագուները, ցանկանալով փախուստի դիմել, փորձել են լողալով հասնել գետի հակառակ ափը: Նրանցից մեկին գետն անցնել չի հաջողվել:
Ոստիկանությունը, սակայն, սառը զենքի կիրառումը չի հաստատել, հայտնում է «Վիրտուալ Բրեստը»: Բերման է ենթարկվել չորս մարդ, նրանցից երկուսը՝ հայկական ծագում ունեցող Բելառուսի քաղաքացիներ: