Pastinfo.am-ը գրում է.
Սեփական բնակարանում կացնահարված Գարիկ Կուրդիյանի գործով մեղադրանք է առաջադրվել վերջինիս քեռուն։ Դեպքը տեղի է ունեցել Ավան թաղամասում՝ 2012 թվականի դեկտեմբերի 16-ին։ Ինչպես տեղեկացավ «Փաստինֆո» գործակալությունը, Գարիկ Կուրդիյանն այդ ընթացքում հյուրընկալել էր իր քեռուն՝ Վանյա Բաղդասարյանին եւ վերջինս ժամանակավորապես բնակություն էր հաստատել նրա տանը։ Դեպքի օրը, ըստ ոստիկանության, քեռին ու զարմիկը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում Վ.Բաղդասարյանը խոհանոցից վերցրել է կենցաղային օգտագործման կացինն ու հարվածել Գարի Կուրդիյանին՝ դիտավորությամբ նրան պատճառելով առողջությանը ծանր վնաս և հեռացել։ Վ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար, իսկ կացինը որպես իրեղեն ապացույց կցվել է քրեական գործին։ Ի դեպ, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։ «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ գործն արդեն ուղարկվել է դատարան։