1in.am-ը գրում է.
DVD-ով և Blu-Ray-ով սեպտեմբերի 3-ին լույս կտեսնի Ֆրեդի Մերկուրիի հիշատակին նվիրված 1992թ. ձայնագրությունը: Այդ մասին օգոստոսի 20-ին հաղորդել է Gigwise-ին: Նոր ձայնասկավառակում կհրապարակվեն Metallica-ի, Def Leppard-ի և Guns N’ Roses-ի նախկինում անհայտ կատարումները: Սկավառակում կընդգրկվեն նաև մեկժամանոց փաստագրական ֆիլմ, փորձի կադրեր, համերգի լուսանկարներ: Սկավառակների վաճառքից ստացված ամբողջ գումարը կտրվի «Ֆենիքս» բարեգործական հիմնադրամին, որը ստեղծվել է Մերկյուրիի գումարներով և օգնում է ՁԻԱՀ-ով հիվանդներին:
1992թ. ապրիլի 2-ի լեգենդար համերգում ելույթ են ունեցել այնպիսի ռոք և փոփ աստղեր, ինչպիսիք են Metallica-ն, Էլթոն Ջոնը, Դևիդ Բոուին, Guns N’ Roses-ը, Ջորջ Մայքլը, Լայզա Մինելին, Էննի Լեննոքսը: Queen խմբից Բրայան Մեյը, Ռոջեր Թեյլորը և Ջո Դիքոնը հրավիրվածների հետ կատարել են «Who Wants to Live Forever», «I Want to Break Free», «Somebody To Love», «We Will Rock You», «Bohemian Rhapsody», «We Are the Champions» և այլ երգեր: Համերգից ստացված եկամուտը կազմել է 19 400 000 ֆունտ: Ամբողջ հասույթը տրվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամներին: