Փոխանակ սելը ճռա, սելվորն է ճռում...
Չգիտես, թե դա որտեղից է գալիս, բայց մեր պետական չինովնիկներից շատերը, երբ ժողովրդի ներկայացուցիչները իրենց հիմնավոր քննադատում են, հաճախ հետևյալ արտահայտությունն են հնչեցնում. «Հհերիք է մեր ոսկորները լվաք, կյանքը բումերանգ է, զգույշ եղեք, որ ձեզ չհարվածի»: Թերևս սա իրենց ամենադիպուկ արտահայտություններից մեկն է, բայց այդ արտահայտությունը ժողովրդի «սեփականությունն է», այլ ոչ իրենց: Կյանքը իրոք ցույց է տալիս, որ գոյություն ունի բումերանգի էֆեկտը, և ժողովուրդը չէ, որ պետք է այդ երևույթից վախենա, այլ հենց նրանք, ովքեր իրենց վարք ու բարքով արժանի են դրան:
Երբ մամուլում տեղեկացա, որ Սուրիկ Խաչատրյանը դժգոհ է, և այսօր պատասխանելով լրագրողի հարցին, հետևյալ արտահայտությունն է արել` «Ես անելու ոչ մի բան չունեմ: Ես այժմ ավելի լուրջ խնդիր ունեմ: Սպասում եմ օբյեկտիվ քննության, ես ոչ մեկից նեղանալու բան չունեմ, սա մի փորձություն էր, որ եկավ, պատահեց…», խիստ զարմացա:
Այդ ինչի՞ց է դժգոհ Սուրեն Խաչատրյանը, այդ ի՞նչ փորձության մասին է նա խոսում, չէ՞ որ դժբախտ պատահարը մեկ օրում չհասունացավ, չէ՞ որ այդ դժբախտ պատահարի բուն պատճառը ամենաթողությունն էր: Այո, ոչ մեկ չի ժխտում, որ Սուրեն Խաչատրյանը իր լուման է ունեցել Արցախյան պատերազմի ժամանակ, բայց դա չի նշանակում, որ նա պետք է տասնյակ տարիներ շարունակ դառնար Սյունիքի «դիկտատորը», բայց դա բավարար չէ, որպեսզի Սյունիքում ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների փոխարեն գործեին միայն Սուրեն Խաչատրյանի սահմանած չգրված օրենքները:
Ահա թե ինչպես է բնութագրում Սյունիքի կյանքը սյունեցիներից մեկը նրա իշխանության օրոք. «Հպարտ գորիսեցիք դարձել էին մարիոնետներ նրա ձեռքում, գորիսեցին, որ միշտ իր կարծիքն է ունեցել, նրա օրոք հազար անգամ մտածում էր ավելորդ բառ անգամ չհնչեցնել, Սյունիքում տիրում էր վախի մթնոլորտը, մարդիկ նույնիսկ իրենց երազներում էին չէին պատկերացնում, որ կգա մի պահ, և իրենք կազատվեն նրանից…»:
Հ.Գ. Հարգելի Սուրեն Խաչատրյան, փորձության սկիզբը պետք է փնտրեք հենց այդ ժամանակներում, այլ ոչ թե կոնկրետ դեպքի հետ կապված: