10.Միշտ չէ, որ ամեն ինչ դասավորվում է այնպես, ինչպես պլանավորում ենք

Աֆրոամերիկացի քաղաքական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան Մալքոլմ Իքսը 1963թ.-ի օգոստոսին Վաշինգթոնում կայացած աշխատատեղերի և ազատության համար անցկացվող խոշոր հանրահավաք-երթի համար այնքան էլ ոգևորված չէր: Նա դա ուղղակի «ֆարս» էր անվանում: Հանրահավաքը կազմակերպիչների պլանավորածի պես ուժեղ ու համոզիչ չէր: Սակայն Մարտին Լյութեր Քինգը հենց Լինքոլնի հուշարձանի աստիճանների վրա սկսում է իր հայտնի, պատմական «Ես երազանք ունեմ» ելույթը, որն էլ դառնում է ցուցարարներին ոգեշնչող ու առաջնորդող հիմնական խոսքը:
9.Հավատքն ու նվիրվածությունը սեփական գաղափարներին շատ կարևոր են

«Ասում եմ ձեզ` եթե մարդը դեռ չի գտել այն բանը, որի համար պատրաստ է մեռնել, ուրեմն նա պիտանի չէ ապրելու համար»: Մարտին Լյութեր Քինգ
Քինգը հավատում էր արդարությանը, հավասարությանը, բարեգործությանը և առանց բռնությունների ցույցերին: Նա քարոզիչ էր, գիտնական ու հեղափոխական: Նա հայր էր, ամուսին, ընկեր և առաջնորդ: Նա հրաշալի հռետոր էր, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր: Նրա կյանքը ժամանակից շուտ խլեցին իրենից: Սակայն նա տարբերվում էր մնացածից և տարբերվում էր իր գաղափարների հանդեպ հավատքով, նվիրվածությամբ ու ոգևորվածությամբ:
8.Մենք բոլորս միասին ենք պայքարում (այս ամենը միայն քեզ չէ, որ վերաբերում է)

«Այն, ինչ ուղղակիորեն վերաբերում է մեկին, անուղղակիորեն վերաբերում է բոլորին: Ես երբեք չեմ կարող լինել այն մեկը, ով ես պետք է լինեմ, եթե դու չլինես այն մարդն, ով պետք է լինես: Սա իրականության փոխադարձ կապի կառուցվածքն է»: Մարտին Լյութեր Քինգ
7.Կրկին` այս ամենը միայն քեզ չէ, որ վերաբերում է

«Անհատը չի սկսի ապրել, միչև որ չկարողանա դուրս գալ իր անհատապաշտական մտահոգությունների փոքր սահմանից և ավելի լայն` համամարդկային խնդիրների մասին չմտածի»: Մարտին Լյութեր Քինգ
Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր անհատ հասկանա, որ իր ամեն մի գործողություն, ամեն մի քայլ մեծ ու կարևոր ազդեցություն է թողնում աշխարհի վրա:
«Մենք տարբեր նավակներով ենք այստեղ հասել, սակայն այժմ բոլորս էլ նույն նավի մեջ ենք»: Մարտին Լյութեր Քինգ
6.Դու պետք է պատրաստ լինես պայքարելու քո իդեալների համար

Երբ երիտասարդ Քլաուդիթ Քոլվինը, արհամարհելով Ջիմ Քրուի օրենքները, ավտոբուսում շարունակում է նստած մնալ իր տեղում, Մարտին Լյութեր Քինգը գործի հետաքննության մեջ էր: Եվ երբ Ռոզա Փարքսը նույնպես հրաժարվում է իր նստատեղից վեր կենալ, Քինգը կազմակերպում է Մոնգոմերիի ավտոբուսային բոյկոտը, որը գրեթե մեկ տարի է տևում: Այդ ընթացքում պայթեցնում են Քինգի բնակարանը, ձերբակալում նրան, սակայն վերջ ի վերջո սկսած արշավը ստիպում է ԱՄՆ տարածքային դատարանին վերջ դնել ավտոբուսներում ռասայական խտրականությանը Մոնտգոմերիում: Փոքր քայլ, որը հետագայում կհանգեցներ քաղաքացիական իրավունքների պաշտպանության ավելի մեծ շարժմանը:
5.Բռնությունը լուծում չէ

«Մենք, որ ներգրավված ենք առանց բռնությունների ուղղակի գործողություններում, չենք ստեղծում լարված իրավիճակ, այլ ջրի երես ենք հանում արդեն իսկ առկա թաքնված լարվածությունը»: Մարտին Լյութեր Քինգ
Քինգը Հոուարդ Թուրմանի աշակերտն էր, այն մարդու, ով օգնեց ստեղծել մշակութային և ռասայական առումներով առաջին ինտեգրված եկեղեցին ԱՄՆ-ում: Թուրմանը առաջնորդում էր քրիստոնեական միսիոներական առաքելություններ ամբողջ աշխարհով մեկ և հնարավորություն ունենում հանդիպելու Մահաթմա Գանդիին և գրառումներ անել նրանից: Իսկ Քինգը, կարդալով Թուրմանի աշխատանքները, 1959թ.-ին մեկնում է Հնդկաստան` հանդիպելու Գանդիին: Նա համոզված էր, որ արդարության և հավասարության կարելի է հասնել միայն առանց բռնությունների դիմադրությունների միջոցով:
4.Փաստացիորեն Սերն է ամեն ինչի լուծումը

«Մթությունը չի կարող ցրել մթությունը, այլ միայն լույսը: Ատելությունը չի կարող մեղմել ու փոխել ատելությունը, այլ միայն սերն է կարող դա անել»: Մարտին Լյութեր Քինգ
Սրանով արդեն ամեն ինչ ասված է...
3.Անտարբեր մի եղիր: Ոտքի կանգնիր և պայքարիր:

«Փոփոխությունները անխուսափելիության արդյունքում չէ, որ պատահում են, այլ շարունակական պայքարի հետևանքով: Այնպես որ, մենք պետք է ուղղենք մեր մեջքն ու պայքարենք մեր ազատության համար: Ոչ ոք չի կարող հնազանդեցնել քեզ, եթե մեջքդ խոնարհված չէ»: Մարտին Լյութեր Քինգ
Քինգը ոչ միայն ռասայական հավասարության համար էր պայքարում, այլև ամբողջ աշխարհում տարածված աղքատության դեմ: 1968թ.-ին նա հիմնում է «Աղքատ մարդկանց արշավը», որը ամերիկյան կառավարությանը ստիպում է ոչ միայն վերանորոգել ու վերակառուցել քաղաքները, այլև փոխել տնտեսության ամբողջ համակարգը, որը կնվազեցներ աղքատության մակարդակը:
2.Եղիր այնպիսին, ինչպիսին կաս

«Մարդկության փրկությունն ընկած է նրանց ձեռքում, ովքեր ստեղծարար կերպով տարբերվում են հասարակության կողմից ընդունված ստանդարտներից»: Մարտին Լյութեր Քինգ
Մարտին Լյութեր Քինգը հավատացած էր, որ մեզնից յուրաքանչյուրը առանձնահատուկ է: Մեզնից յուրաքանչյուրն այս կյանքում ունի իր առաքելությունը, և մեր բոլորի հիմնական առաքելությունն աշխարհն ավելի լավ վայր դարձնելն է: Կարևոր չէ ձեր մաշկի գույնը կամ էլ կրոնական պատկանելությունը, կամ թե ինչպիսին է ձեր տեսքը: Կարևոր չէ` որտեղ եք դուք ծնվել, դուք բոլորդ էլ այստեղից եք` Երկրից:
1.Հավատա

Մարտին Լյութեր Քինգը հավատացյալ էր և հարգում էր այն տղամարդկանց ու կանանց, ում հավատքը տարբերվում էր իր հավատքից: Կարևորը հավատք ունենալն է: Նա ոչ միայն հավատում էր, այլև մինչև իր կյանքի վերջ պայքարեց այն բանի համար, ինչին հավատում էր:
«Հավատքը առաջին քայլ անելն է նույնիսկ այն դեպքում, երբ չեք տեսնում ամբողջական սանդուղքը». Մարտին Լյութեր Քինգ:



