Այս մարդն իրեն կամրջից ցած նետեց, նա կախվեց, սա ջրանցքը նետվեց… Ամեն անգամ կարդում եմ նման բաներ ու սարսռում: Հասկանալի է, մարդիկ հուսահատվում են, ելք չեն տեսնում, թվում է, թե մոլորակն էլ չի պտտվում, ամեն ինչ կոտրվել է, օդ չկա: Ու բոլորն էլ նման պահի մտածում են, որ մեռնեն, պրծնեն այս ամենից: Բնական է, էմոներին նկատի չունեմ կամ էլ հոգեկան հիվանդներին, ում համար բոլորովին այլ իրականություն է իրենց շուրջը: Այն, որ դա ավելի քան անընդունելի է, որովհետև դու ոչ միայն չես ապրում քո կյանքը, դեռ մի բան էլ ջախջախում ես կողքիններիդ, հայտնի է բոլորին, բայց երբեմն մարդը պահի ազդեցության տակ չի կարողանում վերլուծել իր հետ կատարվողը: Երբեք չեմ մեղադրի ու չեմ մեղադրել, ուղղակի ափսոսում եմ, որ վճռական պահին այդ մի կաթիլ սթափությունը չի բավականացնում, որ մարդիկ կանգ առնեն: Ինքնասպանությունն ուժեղ կամ թույլ լինելու խնդիր չի: Դա բազում նրբությունների հանրագումար է, երբեք մի ակնթարթում նման բան տեղի չի ունենում: Այստեղ միակ խնդիրն իմ կարծիքով այն է, որ մարդն իր արժեքային համակարգը կառուցելիս բաց է թողնում ուշադրությունից հենց այն, ինչը պիտի կարևոր լինի իր, ընտանիքի և առաջին հերթին կյանքի առջև պատասխանատվության առումով: Հիշեցնեմ, որ քրիստոնեությունը դատապարտում է ինքնասպանությունը` որպես Աստծուն հակառակ գնալու քայլ, և ինքնասպանին թաղում են գերեզմանի սահմանից դուրս: Բացի այդ, համաձայն սամսարայի, կարմայի օրենքի, մյուս մարմնավորումը ստանալիս ինքնասպանի հոգին ծնվելու է ավելի բարդ պայմաններում և այն խնդիրը, որից հիմա փախուստի դիմեց, միևնույն է, ստիպված է լինելու լուծել, բայց վիճակը բարդանալու է նաև իր իսկ սպանության մեղքի պատժով: Սա ուղղակի, ի գիտություն, կարող եք հավատալ, կարող եք չընդունել: Ավելի լավ կլինի, որ չմոռանանք, թե ինչքան մարդիկ են պայքարում մեկ օր ավելի ապրելու համար, ինչ դաժան պրոցեդուրաների են դիմանում, միայն թե ապրեն: Կյանքը մեծ նվեր է, աշխարհի մեծագույն հրաշքն է, երբ մանկիկն իր ճիչով ազդարարում է իր առաջին հաղթանակը: Եվ բնական է, երբ նա շատ տարիներ հետո կամացուկ հոգոցով է կյանքի վերջակետը դնում, այլ ոչ թե մի այլ, բայց արդեն հուսահատ ճիչով, որից շատ ու շատ սրտեր են ճաք տալիս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/600020066687941
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել