Հնուց ի վեր մոգերը ուսումնասիրել և օգտագործել են գույների հնարավորությունները: Որոշ գույներ հանգստացնում են, որոշ գույներ` գրգռում, իսկ որոշ գույներ էլ մարդու համար չեզոք են: Հանգստացնող գույներին անվանում են իգական (կապույտ և կանաչ երանգները), գրգռողներին` արական (նարնջագույն և կարմիր), իսկ դեղին գույնը հավասարակշռում է երկու հակադրությունները: Հնուց ի վեր կարմիր գույնի հանդեպ ցուցաբերվել է բուռն հակում: Շատ ժողովուրդների համար կարմիրը նշանակում է այն ամենը, ինչ գեղեցիկ ու հրաշալի է: Կարմիր գույնը, նախ և առաջ, զուգակցվել է արյան և կրակի հետ: Այն խորհրդանշում է ուրախությունը, գեղեցկությունը, սերը, միաժամանակ նաև թշնամանքը, պատերազմը, ագրեսիան և մարմնական ցանկությունը: Կարմիրը զինանշանի հիմնական գույնն է: Դրոշների վրա այն խորհրդանշում է խռովությունը, հեղափոխությունը, պայքարը, անկախությունը: Կարթագենցիները և սպարտացիները պատերազմի ժամանակ կրում էին կարմիր զգեստներ: Հին Չինաստանում ապստամբներն իրենց անվանում էին «կարմիր զինվորներ», «կարմիր նիզակներ», «կարմիր հոնքեր»: Կարմիր գույնին վերագրվում էր աչքով տալը և կախարդանքը խափանող հատկություն. դրանց խափանմանը օգնում են կարմիր թելը, կտորը, մարջանը, ծաղիկներն ու բույսերը: Կարմիրը նշանակում է նաև իշխանություն: Բյուզանդիայում միայն կայսրուհին էր կրում կարմիր ճտքակոշիկներ, իսկ կայսրը ստորագրում էր ծիրանագույն թանաքով և բազմում կարմիր գահին:



