Քաղաքները համարվում են կորսված, երբ դրանք լքվում են բնակիչների կողմից, որի հետևանքով այդ քաղաքները մատնվում են քայքայման. դա կարող է պատերազմի, արտագաղթի, բնական աղետների հետևանք լինել, սակայն ամեն դեպքում էլ այդպիսի լքված քաղաքները փոփոխվող մեր ժամանակներում պատմության մեջ դեռևս պահպանում են քարացած քաղաքակրթությունը ու կարծես սպասում, որ իրենց հայտնաբերեն: Մինչ այսպիսի քաղաքներից շատերը հայտնաբերվել ու ուսումնասիրվել են, մյուսները երբեք չեն հայտնաբերվել և լեգենդի կարգավիճակ են ստացել: Ձեզ ենք ներկայացնում պատմաբաններին, հնէաբաններին և արկածախնդիրներին հետաքրքրող ու ոգեշնչող պատմության ընթացքում կորսված 10 քաղաքները:
10.Կաեսարս քաղաք

Այլ կերպ հայտնի Թափառող քաղաքը, Պատագոնիայի քաղաքը կամ Կաեսարսը առասպելական քաղաք է, որ հավատացած են, թե գտնվել է Հարավային Ամերիկայի հարավային ծայրամասի տարածքում, որը հայտնի է որպես Պատագոնիա: Քաղաքը երբեք չի հայտնաբերվել, և այժմ այն ավելի շատ լեգենդ է, քան իրականություն, սակայն մի ժամանակ այն եղել է բազմաթիվ հնէաբանական արշավախմբերի ուշադրության կենտրոնում: Որոշ մարդիկ հավատացած էին, որ այն հայտնաբերվել էր իսպանական նավի նավաբեկությունից ողջ մնացածների կողմից, և որ քաղաքը մեծ քանակությամբ ոսկի ու զարդեր է ունեցել: Ժամանակի ընթացքում բազմաթիվ լեգենդներ են հյուսվել այս քաղաքի շուրջ, որոնցից մեկի համաձայն քաղաքը բնակեցված է եղել 3 մետր հասակ ունեցող հսկաներով, իսկ մյուսներն էլ պնդում են, թե դա եղել է ուրվականների քաղաք, որոնք կարողացել են հայտնվել և նորից անհետանալ:
9.Տրոյա

Հոմերոսի հայտնի պոեմներում հիշատակվող Տրոյան` մի ժամանակ լեգենդար քաղաքը, գտնվում էր ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այստեղ է տեղի ունեցել հայտնի Տրոյական պատերազմը: Այն գտնվում էր Էգեյան ծովի ափին` Դարդանելի նեղուցի մուտքի մոտ։ Քաղաքի դիրքն այն դարձնում էր ռազմածովային ուժեղ տարածք: Տրոյան նաև ուներ հողագործության համար բարենպաստ պայմաններ: Շատերի կողմից Տրոյան ուղղակի առասպել էր համարվում, մինչև որ 1870-ականներին այն հայտնաբերեց հնագետ Հենրիխ Շլիմանը: Նա հայտնաբերեց, որ այդ տարածքում իրականում մի քանի քաղաքներ են գտնվել, որոնք ժամանակի ընթացքում կառուցվել են մեկը մյուսի վրա: Եվ չնայած ժամանակին Տրոյան հզոր քաղաք է եղել, այնուամենայնիվ դրա մնացորդներն այսօր այնքան էլ տպավորիչ չեն` տարիների ընթացքում այդ տեղանքը անընդմեջ պեղումների վայր լինելու և զբոսաշրջիկների հաճախակի կատարած գողություների հետևանքով:
8. Կորուսյալ «Զ» քաղաքը

Ենթադրվում է, որ Բրազիլիայի ջունգլիների խորքում գտնվող Զ քաղաքը զարգացած քաղաքակրթություն է ունեցել, որտեղ բազմաթիվ կամուրջներ, ճանապարհներ և տաճարներ են կառուցված եղել: Այս քաղաքի մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ մի փաստաթուղթ գտնվեց, որտեղ պորտուգալացի մի հնագետ-հետազոտող նշում էր, թե եղել է այս քաղաքում 1753թ.-ին: Այնուամենայնիվ, սրանից բացի ոչ մի այլ փաստ կամ վկայություն չկա այս քաղաքի գոյության մասին: Հայտնի է, որ հետազոտող Պերսի Ֆոսեթը հետաքրքրվել է այս քաղաքով և դա հայտնագործելու հետքերով գնալով` 1925թ.-ին անհետ կորել է: Տարիների ընթացքում բազմաթիվ այլ հետազոտողներ ու արկածախնդիրներ են մահացել կամ էլ անհետ կորել Զ քաղաքի հետքերով գնալով: Վերջերս Ամազոնի անտառում հայտնաբերվել է Կուհիկուգու քաղաքը` բարդ կառուցվածքով ու նախագծերով, որն էլ ստիպել է շատերին ենթադրել, թե այս քաղաքը Զ-ի մասին լեգենդների աղբյուրն է հանդիսանում:
7.Պետրա

Այս տասնյակի հավանաբար ամենագեղեցիկ քաղաքը` Պետրան, գտնվում է Հորդանանում` Մեռյալ ծովի մոտ: Համարվում է, որ ժամանակին քարավանային առևտրի կենտրոն է հանդիսացել: Քաղաքի առանձնահատկությունը դրա ճարտարապետության մեջ է: Բոլոր շինություններն ու կառույցները փորված են լեռների մեջ: Սրա արդյունքում Պետրան բնականորեն ամուր քաղաք էր և Ք.ա 100թ.-ին հաստատվեց որպես մայրաքաղաք: Բացի այդ բազմաթիվ փաստեր կան, որոնք վկայում են Պետրայում տեխնոլոգիական առաջադիմության մասին, ինչպես օրինակ` ամբարտակներն ու ջրամբարները, որոնք երաշտի ժամանակ ջրով են ապահովել քաղաքի բնակիչներին: Տարիներ շարունակվող բարգավաճումից հետո հռոմեացիների հարձակումից և մ.թ. 363 –ին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում ի վերջո քաղաքը լքվում է` դարեր շարունակ ծպտված մնալով անապատում մինչև 1812թ.-ը, երբ այն հայտնաբերվեց շվեյցարացի հնէաբան-հետազոտողի կողմից:
6.Էլ Դորադո

Լեգենդար քաղաքներից թերևս ամենահայտնին Էլ Դորադոն է, որը առասպելական կայսրություն էր: Այն ենթադրաբար Հարավային Ամերիկայի ջունգլիներում է գտնվել: Բառացիորեն իսպաներենով այն նշանակում է «Ոսկե»: Ենթադրվում է, որ քաղաքը հզոր թագավոր է ունեցել, և անասելի մեծ քանակությամբ ոսկի ու գանձ է եղել այստեղ: Բազմաթիվ հնէաբան-հետազոտողներ են փորձել հայտնաբերել ու պեղել քաղաքը: Ամենահայտնին Գոնսալո Պիզարոյի գլխավորած հետազոտությունն էր: 1541թ.-ին 300 զինվորների և մի քանի հազար հնդիկների խումբ է առաջնորդում ջունգլիներ` Էլ Դորադոն հայտնաբերելու համար: Նրանց, սակայն, չի հաջողվում գտնել քաղաքի հետքը: Երբ խմբի անդամները սկսեցին մահանալ տարբեր հիվանդություններից, բնիկների հարձակումներից ու սովից, ի վերջո հետազոտություններն ու փնտրտուքները դադարեցվեցին: Նկարում ներկայացված քանդակը Կոլումբիայի Բոգոտա քաղաքի Ոսկու թանգարանից է:
5. Մեմֆիս

Ք. ա. 3100թ.-ին կառուցված այս քաղաքը Հին Եգիպտոսի մայրաքաղաքն է հանդիսացել, և հարյուրավոր տարիների ընթացքում այն ծառայել է որպես քաղաքակրթության կառավարման կենտրոն մինչև այն լքելը: Ենթադրվում է, որ իր ծաղկման գագաթնակետին քաղաքի բնակչությունը կազմել է 30.000 մարդ, որը նշանակում է, որ այն հնագույն ժամանակների ամենախոշոր բնակեցված քաղաքն է եղել:
Քաղաքի գտնվելու ստույգ վայրը բազմաթիվ հնէաբանների համար քննարկման առիթ էր, մինչև որ 1700-ականներին նապոլեոնական արշավախումբն այն հայտնաբերեց: Այդ ժամանակվանից էլ քաղաքի սֆինքսը, քանդակներն ու տաճարները սկսեցին լրջորեն ուսումնասիրել: Ցավոք, ավերակներից շատ քարեր են վերցվել տարածքի բնակիչների կողմից իրենց բնակավայրերը կառուցելու նպատակով, ինչի պատճառով պատմաբանների համար շատ բան մնում է դեռևս չբացահայտված:
4.Անգկոր

Կամբոջայի Անգկորի տարածքը 800-1400-ականներին ծառայել է որպես Կխմերների կայսրության կենտրոն: Շրջանը սկսվեց դանդաղ լքվել բնակչության կողմից մինչև թայվանական զորքերի 1431թ.-ի հարձակումը` հսկայական քաղաքը և բուդդայական հազարավոր տաճարներ լքված թողնելով ջունգլիների մեջ: Միայն 1800-ականներին էր, որ ֆրանսիացի հնագետները սկսեցին ուսումնասիրել ու վերականգնել այն: Անգկորը հասնում է ժամանակակից Լոս Անջելես քաղաքի չափերին և համարվում է աշխարհի ամենամեծ նախաարդյունաբերական քաղաքը, իսկ քաղաքի հայտնի Անգկոր Վատը համարվում է գոյություն ունեցող ամենամեծ կրոնական հուշարձանը:
3.Պոմպեյ

Հռոմեական Պոմպեյ քաղաքը ոչնչացվել է մ.թ. 79թ.-ին, երբ Վեսուվիուս հրաբխի ժայթքման հետևանքով այն ծածկվում է 18 լավային շերտերով: Համարվում է, որ քաղաքն ունեցել է 20.000-ի հասնող բնակչություն և հռոմեական բարձր խավի հասարակության համար հանդիսացել է արձակուրդն անցկացնելու հիմնական վայրը: Դրանից հետո ավերակները 1700 տարի շարունակ մնացել են անհայտ, մինչև որ 1748թ.-ին Նեապոլի արքայի համար պալատ կառուցող շինարարները պատահականորեն հայտնաբերել են այն: Պոմպեյն այդուհետև դարձել է բազմաթիվ հնագետների պեղումներ անցկացնելու վայրը:
Վեսուվիուսի հրաբուխը, մի կողմից քաղաքը ոչնչացնելով, մյուս կողմից օգնել է, որպեսզի դրա շինությունները պահպանվեն առանց վնասվելու, որն էլ օգնել է հնագետներին ու պատմաբաններին ավելի լավ պատկերացում ակզմել Հին Հռոմի կյանքի մասին:
2.Ատլանտիս

Դժվար է նշել արդյոք Ատլանտիսն իրականում գոյություն է ունեցել, թե ուղղակի առասպել է: Առաջին անգամ քաղաքի մասին հիշատակել է Պլատոնը Ք.ա 306թ.-ին: Պլատոնի կողմից Ատլանտիսը նկարագրվում էր որպես առաջադեմ քաղաքակրթություն ունեցող, հզոր ռազմածովային ուժ ունեցող քաղաք, որը կարողացել էր գրավել Եվրոպայի մեծ մասը, մինչև որ ինչ-որ բնական աղետի հետևանքով այն հայտնվել էր ջրի հատակին: Որոշ մարդիկ Պլատոնի այս հիշատակումները համարում են ուղղակի գեղարվեստական ստեղծագործություն, սակայն շատերն էլ ոգեշնչվել են նրա հիշատակած առաջադեմ քաղաքակրթությամբ բնակեցված այդ վայրը հայտնաբերելու մտքով, ինչի արդյունքում բազմաթիվ հնագիտական արշավախմբեր են ուղևորվել գտնելու քաղաքը: Թերևս դրանցից ամենաքիչ հայտնին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին գերմանացիների կազմակերպած արշավն է դեպի Տիբեթ` ատլանտյան մշակույթը հայտնաբերելու համար:
1.Մաչու Պիչու

Բոլոր հայտնաբերված և ուսումնասիրված քաղաքներից ամենաառեղծվածայինը թերևս Մաչու Պիչուն է: Այն գտնվում է Պերուի Ուրուբամբա հովտում և տարիներ շարունակ մնում էր չբացահայտված, մինչև այն պահը, երբ 1911թ.-ին պատմաբան Հիրամ Բինղամը այցելեց այստեղ, որից հետո այս վայրը հայտնի դարձավ արդեն տարածաշրջանից դուրս: Այն իրենից ներկայացնում է 140 տարբեր շինություններ, որոնք շջապատված են ողորկ քարե պարսպով: Ենթադրվում է, որ քաղաքը կառուցվել է 1400-ականներին ինկաների կողմից և լքվել ավելի քիչ, քան 100 տարի անց, ենթադրվում է եվրոպացիների` այս վայր բերած վարակիչ հիվանդության հետևանքով: Բազմաթիվ ենթադրություններ ու քննարկումներ են եղել, թե ինչի համար են օգտագործել ինկաներն այս վայրը և ինչու են այդ տվյալ կառուցվածքով այսպիսի վայրում կառուցել քաղաքը: Ոմանք ենթադրում են, թե սա սուրբ վայր է եղել` տաճար, մյուսներն էլ ենթադրում են, թե որպես բանտ է ծառայել, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ դա հավանաբար ինկաների արքա Պաչակևտիի սեփական տարածքն է եղել, իսկ վայրը ընտրվել է այդտեղ, քանի որ շրջակա լեռները հաճախակի են օգտագործվել ինկաների աստղագիտական առասպելներում:



