Aysor.am-ը գրում է.

Նախօրեին ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցները վերջապես այցելեցին արդեն շուրջ երկու շաբաթ գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին:

Երեկ չկարողացանք հանդիպման մասին որևէ տեղեկություն ստանալ Կարմիր խաչի Երևանի գրասենյակից:

Այսօր գրասենյակից Aysor.am-ին հաղորդեցին այն, ինչի մասին արդեն գրել ենք. «Հանդիպումը կայացել է: Նամակներ են փոխանակել»,- ասացին Երևանի գրասենյակի լրատվության բաժնից:

Հարցին, թե ի՞նչ քայլեր են արվելու, պատասխանեցին, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այսուհետ պարբերաբար կայցելեն հայ ռազմագերուն՝ նրա վիճակին ծանոթանալու և հետևելու համար՝ արդյոք չեն ոտնահարվո՞ւմ Հակոբ Ինջիղուլյանի իրավունքները:

Ամենակարևորի՝  վերադարձի հարցի մասին որևէ տեղեկություն ստանալ չհաջողվեց. «Վերադարձի հարցի քննարկումը հրապարակման ենթակա չէ,- ասաց գրասենյակի աշխատակիցը,- Եթե նույնիսկ քննարկվի, ապա այդ մասին չի բարձրաձայնվելու»:

Կարմիր խաչի Երևանի գրասենյակն այս ընթացքում կապ է պահպանելու Բաքվի գրասենյակի հետ, քննարկումներ են ունենալու, ինչպես նաև՝ մշտական կապ է լինելու ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների հետ:

Երեկ կայացած հանդիպման ժամանակ Հակոբ Ինջիղուլյանին են հանձնել ընտանիքի ուղարկած երկտողն ու նա էլ ձեռագիր նամակ է փոխանցել ծնողներին, որում գրել է, որ լավ է, իր համար պետք չէ անհանգստանալ:

Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է Հակոբի հորեղբոր որդին՝ Արման Ինջիղուլյանը:

Ա. Ինջիղուլյանը ևս հարցրել է վերադարձի հարցի մասին, սակայն ԿԽՄԿ Երևանի գրասենյակից ասել են, որ տեղեկություն չունեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:

Նախորդող հրապարակումներ՝ «Ես լավ եմ». ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերուն

Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Ֆարաջևի՝ հայրենքի վերադառնալու ցանկությանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել