Աղքատները արտագաղթում են, հարուստները ներգաղթում. ի՜նչ լավ է չէ՞, երբ քո պրոբլեմատիկ քաղաքացին հեռանում է, իսկ նրա «տեղը» գալիս է հարուստ, ոչ մի բանի կարիք չունեցող մարդը, բա դրանից էլ լա՞վ բան, երբ «փող ուզողների փոխարեն գալիս են փող տվողները»: Սա ձեռնտու, բայց անմարդկային տարբերակ է: Երբ որոշ պետական չինովնիկներ հայտարարում են` ինչո՞ւ եք միայն արտագաղթից խոսում, չէ՞ որ մեր մոտ ներգաղթ էլ կա, ես ցանկանում եմ բացականչել. «Ստոպ, այ ընկե´ր, խոսելուց առաջ հասկացի, թե ինչ ես խոսում, նախ` արտագաղթողների քանակը տասնյակ անգամ շատ է ներգաղթողների քանակից, երկրորդը` երբ երկիրը լքում են երկրում ծնված, երկրում ուսում ստացած մարդիկ, դա երկրի համար բարոյահոգեբանական մեծ հարված է, քանի որ ամեն ինչից բացի, կորում է նաև երկրի կոլորիտը…»: Ինչպես երբեք նախկինում Հայաստանում այսօր մարդկանց տեղաշարժերն իրենց ինտենսիվությամբ ազդում են մեր հասարակության վրա՝ չգիտես, թե ինչու մենք հակված ենք այն մտքին, որ այն պետությունները, ուր ուղղված են արտագաղթի հոսքերը, մեծ դժվարություններ են ապրում. իրականում այդպիսի բան չկա, այն պետությունները, որոնք ընդունում են մեր արտագաղթողներին, վերջնահաշվարկում միայն հաղթանակած են դուրս գալիս, տուժում ենք միայն մենք: Փորձեմ բացատրել, թե ինչու եմ այդպես մտածում: Նախ սկսենք արտագաղթողների որակից` հիմնականում արտագաղթում են նրանք, ովքեր ունեն որաշակի մասնագիտություններ, այսինքն` իրենք իրենց մասնագիտական գիտելիքներով շենացնում են այն երկիրը, ուր գնում են: Օրինակ` վերցնենք Ուկրաինայի Խարկով քաղաքը, այնտեղի քիմարդյունաբերության մեջ այսօր իրենց ուրույն տեղն են զբաղեցնում տասնյակ հայ տաղանդավոր քիմիկոս գիտնականներ` 90-ականներին Հայաստանից արտագաղթած: Երբ ես մի քանի տարի առաջ գործի բերումով Խարկովում էի, հանդիպեցի այնտեղի քիմիական արդյունաբերության ձեռնարկություններից մեկի տնօրենի հետ, ահա թե ինչ ասաց նա ինձ`. «Դուք չեք պատկերացնում, թե ինչ տաղանդավոր ժողովուրդ եք, Ձեր գիտնականների ի հայտ գալը թույլ տվեց մեր ձեռնարկությանը որոշակի տեղ զբաղեցնել միջազգային շուկայում, առանց նրանց ես ուղղակի չեմ պատկերացնում մեր ձեռնարկությունը…»: Հետո ես հանդիպեցի վերոհիշյալ գիտնականներից մի քանիսին, ահա թե ինչ ասացին իրենք. «Մենք Հայաստանում պահանջարկ չունեինք, այն, ինչ մենք առաջարկում էինք` նոր ինովացիոն ծրագրեր Հայաստանում, մերժում էր ստանում, մենք բացատրում էինք, որ այ եթե մենք գնանք այս քայլին, ապա ամենաուշը երկու տարուց մենք այնպիսի արտադրանք կտանք, որը մրցունակ կլինի միջազգային շուկայում, ավաղ, մեզ լսող չկար…, իսկ այստեղ մեզ գրկաբաց ընդունեցին…»:
Հ.Գ. Ցավալի է, երբ պետական մտածելակերպը որոշ չինովնիկների մոտ բացակայում է, ցավալի է, երբ մենք մեր աղքատների որակը անտեսում ենք, երբ մենք մտածում ենք` եթե մեր դիմացինը հարուստ չէ, ապա նա խելոք չի կարող լինել:
Հարգելի´ իշխանություններ, փայփայե´ք ձեր ունեցած մարդկային ռեսուրսները, հարուստների գալը Հայաստան վատ երևույթ չէ, բայց նա ոչ մի օգուտ չի կարող տալ մեր երկրին, եթե մեր երկրի անապահովները այսպիսի տեմպերով լքեն երկիրը…