Emedia.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե ուղերձում ասված է.
«Վեհափառ Տեր,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Ձեր հայրենանվեր առաքելությամբ Դուք մեծապես նպաստում եք Մայր եկեղեցու զորացման եւ հայոց անկախ պետականության ամրապնդման գործին: Արցախում միշտ հիշում եւ բարձր ենք գնահատում Ձեր ազգանպաստ գործունեությունը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, արեւշատություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ մեր հավատավոր ժողովրդի»